Միջնորդել էինք այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվի, չնայած Սամվել Կարապետյանը դեմ էր. Պաշտպան
Իրավունք
15:42 12/12/2025
Հայաստան

Միջնորդել էինք այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվի, չնայած Սամվել Կարապետյանը դեմ էր. Պաշտպան

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները հարկադրված ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոցների հնարավոր կիրառման վերաբերյալ միջնորդություն։ Ասուլիսում այս մասին հայտնեց պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Այն աստիճան աբսուրդային իրավիճակում ենք գտնվում, որ իրապես այստեղ գրավի հարց չպետք է քննարկվեր: Գրավի հարց քննարկվում է, երբ ենթադրյալ մեղադրանքի պայմանը կալանքի միջնորդության շրջանակներում հաղթահարված է, այսինքն՝ հիմնավոր կասկած առկա է լինում: Այս դեպքում մենք ընդհանրապես դրա հետ գործ չունենք, բայց այո, հարկադրված դա էլ ենք միջնորդում»,- ասաց նա:

Արամ Վարդևանյանը մանրամասնեց, որ միջնորդել են թեկուզ այլընտրանքային խափանման միջոցները համակցված կիրառվեն՝ տնային կալանք, գրավ, բացակայելու արգելք։

«Ի դեպ, դրան, իհարկե, նաև Սամվել Կարապետյանը հստակ իր դիրքորոշումն ուներ, կողմ չէր նման միջնորդություն ներկայացնելուն: Պարզապես մենք, որպես պաշտպաններ, մեր կողմից ստիպված նշվածը միջնորդել էինք։

Պատկերացրեք, միակ ռիսկը, որը դատարանն արձանագրել է, խոչընդոտելու ռիսկն է: Խոչընդոտելու ռիսկը տնային կալանքի և գրավի համակցված կիրառման պայմաններում հնարավոր չէ չզսպվի։ Պատկերացնո՞ւմ եք: Ի դեպ, խոչընդոտելու ռիսկն էլ դատարանը փորձել է հիմնավորել իբրև այն անձանց վրա ազդեցությամբ, որոնք Հայաստանում չեն։ Այս ամենը ողջամիտ իրականության մեջ պատկերացնելը դժվար է»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Նա նաև հայտնեց, որ Սամվել Կարապետյանը խցում միայնակ է։ Խնդրանք է եղել նաև՝ հոգևորականն այցելի Սամվել Կարապետյանին, բայց քննիչի կողմից թույլ չի տրվել։  

Ինչ վերաբերում է Արցախի ներկայացուցչությում երեկ կատարված խուզարկության, Վարդևանյանն ասաց. «Այնտեղ կարող էին գտնել Սամվել Կարապետյանի շուրջ 50 միլիոն դոլարից ավելի կատարած բարեգործությունները Արցախում, որի  համար 2021 թվականի հունիսի 18-ից հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Կարող էին գտնել այն բարեգործությունները, մարդասիրական օգնությունը, որը կատարել է, որը երբեք հրապարակային չի եղել։

Բայց ավելի լավ կլիներ, որ քննիչները գնային, Ստեփանակերտում կատարեին քննչական գործողություն։ Դատական նիստի  ժամանակ այդ առաջարկն արել ենք։  

Չեմ զարմանա, որ առաջիկայում դա էլ տեսնենք։ Իրավական փոխօգնության շրջանակում, վստահ եմ, Ադրբեջանի քննիչներ կան, որոնք կարող են բազմաթիվ փաստաթղթեր տալ  ընդդեմ Սամվել Կարապետյանի։

Սամվել Կարապետյանը Արցախի հետ ունեցել է այն աստիճանի կապ, որ Ադրբեջանի իրավասու մարմիններից կողմից հետախուզվում է 2021 թվականի հունիսի 18-ից և 2025 թվականի հունիսի 18-ին գտնվում է  Հայաստանի բատում։

Որևէ այլ մի ձևով Արցախի հետ Սամվել Կարապետյանին կապելու փորձը ճիշտ չէ, մարդկային չէ։ Բոլոր այն կարմիր գծերը, որոնք կան, դրանից էլ են դուրս։

Այն ամենը, որը կատարել է Սամվել Կարապետյանն Արցախի համար, ևս մեկ անգամ եմ ասում՝ հանգեցրել է նրան, որ Ադրբեջանի իրավասու մարմինները հետախուզում են հայտարարել Կարապետյանի նկատմամբ»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder