Դատարանն ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց
Իրավունք
23:31 13/12/2025
Հայաստան

Դատարանն ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց

Դատարանն ազատ է արձակել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ 

«Երեք հոգի կատարող, երկու հոգի օժանդակող ձերբակալվել էին։  Քննչական կոմիտեն մտել է դատարան՝ կալանքի միջնորդությամբ։  Որևէ մեկի նկատմամբ, մեր տեղեկություններով, կալանք կիրառված չէ, այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառված, իսկ երկուսի նկատմամբ առհասարակ մերժվել է որևէ խափանման միջոցը»,- ֆեսյսբուքյան ուղիղ եթերում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։  

Նա նշեց, որ «հետույք» բառի համար մարդկանց կալանավորում են, օրը ցերեկով մի քանի հոգով մեջքից մարդու վրա հարձակվողներից որևէ մեկը կալանավորված չէ. «Ո՞նց է լինում՝ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում,  3-4 տարի առաջ ասած կարծիքի համար Միքայել Սրբազանն է կալանավորվում, ընտրական գործընթացի ժամանակ տան դիմաց աղմուկի համար կալանավորվում է Վեհափառի եղբայրը, եղբոր որդին, բայց օրը ցերեկով մասկաներով, պետհամարանիշ փոխելով մարդու վրա հարձակվողներին չեն կալանավորում»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։  Հարձակվողները եղել էինն դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրան Հակոբյանը ստացել էր մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին ասել էր. «Մարդը հրապարակային  ընդդիմադիր գործունեություն է իրականացնում։ Միակ բանը, որ այստեղ հստակ է, Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն կիրառելու որևէ այլ պատճառ, քան նրա հրապարակային, հանրային գործունեությունը, գոյություն չունի»։

Նախօրեին  ՔԿ-ն հայտնել էր, որ բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը, մասնավորապես նշել. «Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Գ.Պ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), և 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը)։

Որոշումներ են կայացվել նշված անձանց դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալելու մասին։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատարանն ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց