Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բավականին կտրուկ է. Փորձագետները՝ «Թրամփի ուղու» վերաբերյալ Իրանից հնչած հայտարարության մասին
Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի արտաքին հարաբերությունների հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը ասել է, որ «Թրամպի ուղին» ոչնչով չի տարբերվում այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքից» եւ Իրանը կտրականապես դեմ է դրան:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ընդգծում է.
«Այս տեղեկությունը տարածել են իրանական լրատվամիջոցները: Հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին: Պաշտոնական Երեւանի տարածած հաղորդագրության մեջ այդ մասին չի նշվում: Փոխարենը ասվում է, որ դեսպան Հակոբյանը հավաստիացրել է, որ ամմեն ինչ լինելու է Հայաստանի տարածքային ամբողջության ու ինքնիշխանության շրջանակում, եւ Երեւանը հաշվի է առնում Իրանի համար զգայունությունները:
Սակայն, Վելայաթիի խոսքը, համենայն դեպս այն, ինչ մեջբերում են իրանական լրատվամիջոցները, բավականին կտրուկ է եւ հստակ:
Ուշադրության է արժանի այն, որ օգոստոսի 8-ից հետո Թեհրանը կարծես թե չէր հնչեցրել այդպիսի գնահատական, թերեւս այն պատճառով, որ սպասում էր որոշակի մանրամասների: Մեծ հավանականությամբ, այդ մանրամասները հայտնի են դարձել եւ Թեհրանը դրանք փաստորեն մերժում է կտրականապես, համենայն դեպս դատելով Վելայաթիի հայտարարությունից:
Ընդ որում, հարց է, թե արդյո՞ք մանրամասներ Վելայաթիին փոխանցել է Իրանում Հայաստանի դեսպանը, ինչով է պայմանավորված է եղել նրա հանդիպումը Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի խորհրդականի հետ, թե՞ դեսպանը հրավիրվել է հանդիպման, որպեսզի նրան փոխանցվի Գերագույն հոգեւոր առաջնորդի դիրքորոշումը:
Բոլոր դեպքերում, Թեհրանից հնչող հայտարարությունը բավականին կտրուկ է: Ընդ որում, այն ուշադրության է արժանի նաեւ մի քանի օր առաջ Աշգաբադում կայացած Պուտին-Փեզեշկիան հանդիպման ֆոնին: Ես այդ հանդիպման կապակցությամբ ուշադրություն էի հրավիրել հանգամանքի վրա, որ Իրանի եւ ՌԴ նախագահների հանդիպմանը քննարկվել էին ոչ միայն Հյուսիս-հարավ երթուղու հետ կապված հարցեր՝ որպիսին Մոսկվան ու Թեհրանը քննարկում են պարբերաբար, այլ նաեւ Արեւելք-Արեւմուտք, ինչը կարծես թե այդ քննարկումներում որոշակի նոր տարր էր»։
Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի նույն հայտարարության վերաբերյալ իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է.
«Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի երեկվա հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշման։ բավական հստակ և միանշանակ ազդանշան է։
Որպեսզի հասկանալի լինի, թե ով է ազդանշանն ուղարկողը, պետք է ի նկատի ունենալ, որ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը չափազանց բարձր պաշտոնյա է, որի անմիջական մասնակցությամբ և խորհուրդներով առաջնորդը հատկապես ռազմավարական նշանակության զգայուն հարցերում սահմանում է այն «կարմիր գծերը» և ուղենիշները, որոնց շրջանակում պետք է գործի այդ երկրի ԱԳՆ-ն և ընդհանրապես պաշտոնական դիվանագիտությունը։
Հետևաբար, այս ազդանշանին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ և ուղիղ ու անկեղծ երկխոսության միջոցով փորձել փարատել իրանական կողմի անհանգստությունները, քանի որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար չափազանց կարևոր են անխտիր բոլոր առումներով»։