Դեռ վերջնական որոշում չկա, բայց չէինք էլ պատկերացնում, որ նման աղմուկ կբարձրանա. Զանգակատան դպրոցի տնօրենը՝ Պարույր Սևակի քանդակի մասին
Մշակույթ
11:28 16/12/2025
Հայաստան

Դեռ վերջնական որոշում չկա, բայց չէինք էլ պատկերացնում, որ նման աղմուկ կբարձրանա. Զանգակատան դպրոցի տնօրենը՝ Պարույր Սևակի քանդակի մասին

Դեռևս վերջնական որոշում չկա՝ արդյո՞ք Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում տեղադրված  ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակի  կհանվի, թե ոչ։

Դպրոցի տնօրեն  Հայկազն Ադամյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ սպասում են հայտարարված հարցման ավարտին ու արդյունքների ամփոփմանը։

«Դեռ չի որոշվել, առայժմ քննարկվում է, սպասում ենք հայտարարված հարցման արդյունքին, տեսնենք՝ վերջնական ինչ է որոշվելու։  Համայնքը պետք է որոշում կայացնի, մենք էլ կընդունենք համայնքի կայացրած որոշումը»,- նշեց նա։

Հ.Ադամյանի խոսքով, որպես կրթության ոլորտի մարդիկ,  սիրով ընդունել  են քանդակագործի նվերը դպրոցին, բայց չէին էլ պատկերացնում, որ պետք է նման աղմուկ բարձրանա։

«Այն աստիճանի է հասնել, որ դրվել է  համայքնի քվեարկությունը»,- ասաց դպրոցի տնօրենը։

Հ.Ադամյանին դուր է եկել արձանը, սակայն նշեց, որ պետք է գնահատական տան արվեստագետները։

«Այն արժեք է, ստեղծագործություն է, աշխատանք է, քանդակագործի չարչարանքն է։ Քանդակագործն այդ քանադի մեջ ոգի է դրել, ունի պատմություն, կյանք, կա ամենակարևորը՝ Սևակ։ Այդ ամենը գնահատելի է»,- ասաց Զանգակատան միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկազն Ադամյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում տեղադրվել է Հ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը։ Արդեն տեղադրումից հետո հնչեցին քննադատություններ կապված քանդակի հետ։

Լևոն Թոքմաջյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ քանդակը ստեղծելու պատվեր չի ունեցել, իր նվիրատվությունն է Զանգակատան միջնակարգ դպրոցին։ 

«Ես համարում եմ Սևակի կերպարի բացահայտում, հայտնագործություն ինձ համար։ Ինձ համար այս գործը լավագույնն է։ Եթե իր թոռն ընդունեց, համարում է՝ իր պապու նոր կերպար, մնացածներն ով, ինչ ուզում է, թող ասի։

Սա իմ հատուկ մտածողության արդյունքն է։ Այս հասակիս ստեղծեցի փայլուն գործ։ Համարում եմ իմ լավագույն գործը։ Նրանք ուզում եմ, որպեսզի լուսանկարչություն լինի,  ես լուսանկարչություն չեմ անում, իմ կերպարն եմ ստեղծում: Սա այն Պարույր Սևակը չէ, որին մենք ճանաչում էինք լուսանկարներից, նոր Պարույր Սևակ է, որը կոչվում է «Անլռելի զանգակատուն»։ Այդ տեսանկյունից պետք է մոտենալ։ 

Այստեղ կոնցեպտուալ մտածողության հարց է»,- ասել էր Լևոն Թոքմաջյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դեռ վերջնական որոշում չկա, բայց չէինք էլ պատկերացնում, որ նման աղմուկ կբարձրանա. Զանգակատան դպրոցի տնօրենը՝ Պարույր Սևակի քանդակի մասին