Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որոշակի առումով դրսում թելադրանք կա Հայաստանի կրթության բովանդակությունը կազմելու հարցում. Ատոմ Մխիթարյան
«Դժվար է, որևէ լավ բան հիշել, որ կատարվել է այս տարվա ընթացքում կրթության ոլորտում։ Կարելի է ասել, որ տարին կրթության որակի առումով ևս մեկ անգամ մեզ գլորեց դեպի անունդը», Panorama.am-ի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը։
Իր ասածը հիմնավորելու համար փորձագետը հիշեցրեց այս ուսումնական տարում դպրոց մտած դասագրքերը, որոնք, իր գնահատմամբ, ազգային արժեքներից, ազգային հիմքերից զուրկ են, դպրոց մտավ պատմության դասագիրք, որի անունը ոչ թե «Հայոց պատմություն» է, այլ «Հայաստանի պատմություն», առաջին դասարանի դասագրքերից դուրս եկավ Մեսրոպ Մաշտոց։
«Տասնյակից ավելի դասագրքեր ընդհանրապես չեն տպագրվել, քանի որ գիտնականները, մասնագետները չմասնակցեցին մրցույթին և երեխաները տարբեր դասարաններում, հատկապես 10-11-րդ դասարաններում, շատ առարկաներից դասագրքեր չունեն։
Ամբողջությամբ ձախողվել է 300 դպրոց ծրագիրը, որովհետև 2023 թվականին նախատեսված էր մինչև 2026 թվականը պետք է 300 դպրոց կառուցվեր կամ վերակառուցվեր, կամ լավ վերանորոգվեր, այդ ծրագիրն այս պահի դրությամբ իրականացվել է 20 տոկոսով, ընդամենը 60 դպրոց են հասցրել կառուցել կամ վերանորոգել»։
Նա նշեց, որ Բարձրագույն կրթության ոլորտում էլ ընդունվեց օրենք, որը Սահմանադրության հետ ակնհայտ ունի հակասություններ. «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը ենթադրում է բուհերի խոշորացում, գիտական կազմակերպությունների միացում բուհերին, ԳԱԱ-ի կարգավիճակի իջեցում, որովհետև պետության կողմից ստեղծված կազմակերպությունից վեր է ածվելու առաջիկայում ուղղակի հիմնադրամի»։
Հարցին՝ այդ ամենը միտումնավո՞ր է արվում, թե՞ կադրերի, ճիշտ քաղաքականության բացակայությունն է պատճառը, փորձագետն ասաց. «Կադրեր չկան, որոնք համապարփակ ձևով մոտենան խնդիրները լուծելուն, դրվագային լուծումներ են տալիս տարբեր ծագող խնդիրներին։ Դա է պատճառը, որ տարբեր ոլորտներում միշտ խնդիրներ են առաջանում։ Կարելի է ասել, որ որոշակի առումով թելադրանք կա Հայաստանի կրթության բովանդակությունն ինչպիսին պետք է լինի և այդ թելադրանքն, ամենայն հավականությամբ, Հայաստանից դուրս կենտրոնից է տրվում։
Ուղիղ կարող եմ ասել. ամենայն հավականությամբ, Ադրբեջանից և Թուրքիայից եկող նարատիվների հիման վրա է կազմվում կրթության բովանդակությունը։ Պարզ է, որ նրանց պետք չէ Հայաստանը լինի կայուն զարգացող, գիտահեն տնտեսություն ունեցող մի երկիր, այլ պետք է, որ Հայաստանը դառնա ծառայությունները մատուցող երկիր»։
Ա.Մխիթարյանն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը չի կարող այլևս զարգանալ որպես գիտահեն, քանի որ գիտնականների թիվը վերջին 7 տարվա ընթացքում ավելի քան 25 տոկոսով պակասել է, նույնը վերաբերում է բարձրագույն կրթություն ստացող ուսանողերի թվին, պրոֆեսորադասախոսական անձնակազմի թվաքականին, որն անընդհատ նվազում է։
«Չնայած գիտության և կրթության բացարձակ թվերով գումաները շատանում են, բայց դա գայթակղիչ ոլորտ չէ, շատերն ուղղակի ոլորտից դուրս են գալիս»,- ասաց փորձագետը։
Ըստ նրա, այս վիճակը կշարունակվի այնքան, մինչև Հայաստանում քաղաքական մակարդակում որոշումներ կայացնողները չեն փոխվել։
«Որոշում կայացնողները կոմպետենտ չեն, ժամանակն ու փորձը ցույց տվեց, որ նրանք անկարող են կառավարել կրթության ոլորտը, այդ պատճառով վատ ընթացքը կշարունակվի մինչև որոշում կայացնողները չփոխվեն, իսկ դա կարող է լինել, ամենայն հավականությամբ, հունիսին խորհրդարանական ընտրություններով»,- ասաց Ատոմ Մխիթարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։