Կոնսերվատորիայի ուսանող Դերեն Բրաթյանի ստեղծագործությունը՝ Հայդելբերգի «Նոր երաժշտության» փառատոն-սիմպոզիումի լավագույն գործերից մեկը
Կրթություն, գիտություն
14:52 22/12/2025
Հայաստան

Կոնսերվատորիայի ուսանող Դերեն Բրաթյանի ստեղծագործությունը՝ Հայդելբերգի «Նոր երաժշտության» փառատոն-սիմպոզիումի լավագույն գործերից մեկը

Երևանի պետական կոնսերվատորիայի Մասնագիտական դաշնամուրի ամբիոնի դասախոս Մարինե Մարգարյանի դասարանի 3-րդ կուրսի դաշնակահար Դերեն Բրաթյանն ակտիվ մասնակցում է տարբեր նախագծերին՝ համերգային ելույթների, ձայնագրությունների ու մրցույթների ձևով։

Այս անգամ ներկայացել է որպես ստեղծագործող և իր գրած «Improvisation for Dreamers»-ը դարձել է Հայդելբերգի «Նոր երաժշտության» փառատոն-սիմպոզիումի լավագույն գործերից մեկը։

Կոնսերվատորիայից հայտնում են, որ ավելի քան 600 ստեղծագործություններից ընտրված դաշնամուրային օպուսը ներառվել է Հայդելբերգի Նոր երաժշտության բիենալեի և սիմպոզիումի կատարման համար, որը կայանալու է ԱՄՆ Օհայո նահանգի Տիֆֆին քաղաքում, 2026 թվականի մարտի 26-28-ը։

Հայդելբերգի Նոր Երաժշտության Միությունը կանցկացնի Նոր Երաժշտության առաջին երկամյա փառատոնն ու սիմպոզիումը։ Փառատոնը ներառելու է հինգ համերգ և գիտահետազոտական զեկույցների սիմպոզիում։ Կներկայացվեն այն կոմպոզիտորների և գիտնականների աշխատանքները, որոնք ընտրվել են պարտիտուրների և գիտական հոդվածների առաջարկների բաց հրավերի միջոցով։

Ընտրված կոմպոզիտորները կմասնակցեն փառատոնին անձամբ, կհամագործակցեն կատարողների հետ, կծանոթանան և կկապվեն մյուս մասնակիցների ու Հայդելբերգի համայնքի հետ, ինչպես նաև հնարավորություն կունենան լսելու իրենց ստեղծագործությունների կատարումները։ Ընտրված գիտնականները կներկայացնեն զեկույցներ ժամանակակից երաժշտության, երաժշտական ստեղծագործության կամ կոմպոզիցիայի մանկավարժությանն առնչվող թեմաներով։

Փառատոնի համերգները կներկայացվեն Հայդելբերգի ֆակուլտետի անդամների, ուսանող կատարողների, համալսարանական անսամբլների և հրավիրված հյուր կատարողների մասնակցությամբ։ Առաջին փառատոնի գլխավոր հրավիրված կոմպոզիտորը կլինի Ստեյսի Գարրոփը (STACY GARROP)։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոնսերվատորիայի ուսանող Դերեն Բրաթյանի ստեղծագործությունը՝ Հայդելբերգի «Նոր երաժշտության» փառատոն-սիմպոզիումի լավագույն գործերից մեկը