Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգեց
Իրավունք
18:16 22/12/2025
Հայաստան

Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգեց

Վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր՝ Ա․Ղուկասյան) Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգեց։ Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է, որ որոշումը կկայացվի դեկտեմբերի 30-ին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները վաղ առավոտյան մուտք են գործել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի բնակարաններ, կատարել քննչական գործողություններ՝ թույլ չտալով դրանց ընթացքում փաստաբանների մուտքը։ Ապա ձեռքերը ոլորած նրանց տարել են, ձերբակալել, կալանավորել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց նկատմամբ հետապնդում սկսել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Նույն օրը քննչական գործողություններ են իրականացվել antifake.am կայքի գրասենյակում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան։ Այնուհետև ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը, որը մոտ 60 ժամ անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, ձերբակալվել է նաև կայքի մեկ այլ աշխատակից՝ Իշխան Խոսրովյանը, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել: Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից և տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): 

Իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական շատ գործիչներ համարում են, որ սա ազատ խոսքի դեմ իրականացրած գործողություններ են, որոնց նպատակն է լռեցնելու Սամսոնյանին, Սաղաթելյանին։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգեց