Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաստան նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին մենք պատշաճ կերպով և ժամկետներում տեղեկացնում ենք»: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ ըստ էության ոչ հերքել ու ոչ հաստատել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստանի այցի մասին լուրը։
Նշենք, որ այսօր առավոտյան քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայտարարեց, որ, իր տեղեկություններով, սպասվում է ԱՄՆ չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց՝ փետրվարին։
«Չեմ բացառում, որ ֆորմալ առումով կարող է բացվել նաև Թրամփի ուղին»,-նշել էր նա։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ փետրվարին Հայաստան է գալու ԱՄՆ փոխնախագահը։
«Սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ․ սա փաստ է, որ Վաշինգտոնը արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը։ Այսպիսի այցերը արժեքավոր են կոնկրետությամբ։ Հայաստանը պարտավոր է հանդես գալ հստակ, չափելի փաթեթով»,-գրել էր նա։
Ամերիկյան ու միջազգային մամուլում Panorama.am-ն հնարավոր այցի վերաբերյալ որևէ տեղեկություն չգտավ։