Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրատեխնիկայից, ճայթուկներից մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստանում ոչ ճիշտ օգտագործման, անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով
Տոնական օրերին կիրառվող հրատեխնիկայից, ճայթուկներից մարդիկ դեռևս շարունակում են տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալ, դրանց ոչ ճիշտ օգտագործման, անվտանգության կանոնները չպահպանելու կամ չլիցենզավորված ապրանքատեսակների կիրառման հետևանքով։ Զգուշացնում է ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնը։
«Ամանորի նախօրեին հրավառությունները սկսվում են ամբողջ աշխարհում, երբ տարբեր ժամային գոտիներում ժամացույցի սլաքները ազդարարում են նոր տարվա սկիզբը ժամը 12-ին: Այնուամենայնիվ, կոնկրետ այս ավանդույթը վերջին տարիներին տարաձայնություններ է առաջացնում:
Հրավառությունը վնասակար է շրջակա միջավայրի համար, անհանգստություն է պատճառում կենդանիներին և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև վտանգավոր է առողջության համար, օրինակ միայն Միացյալ Նահանգներում տարեկան հազարավոր վնասվածքներ են արձանագրվում դրանց կիրառման պատճառով: Այնուամենայնիվ,
ԱՄՆ-ում պիրոտեխնիկայի վաճառքի շուկան նույնիսկ վերելք է ապրում, քանի որ հրավառության ամերիկյան արդյունաբերությունը հայտնել է, որ 2024 թվականին սպառողների կողմից հրավառության վաճառքից ստացված եկամուտը կազմել է 2.2 միլիարդ դոլար, իսկ պրոֆեսիոնալ հրավառության ծախսերը` լրացուցիչ 600 միլիոն դոլար:
Statista-ի Consumer Insights հարցման տվյալները ցույց են տալիս հարցվածների այն մասնաբաժինը, ովքեր գտնում են, որ հրավառությունն ու ճայթուկները Նոր տարվա տոնակատարության անբաժանելի մասն են կազմում: Հարցմանը մասնակցած բոլոր հինգ երկրներում (Գերմանիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Մեքսիկա) հարցվածների փոքրամասնությունն է այդպես ասել: Գերմանացիներն ամենաշատն էին կարծում, որ հրավառությունը «պարտադիր» է դեկտեմբերի 31-ի համար, հարցվածների 29 տոկոսն էր ընտրել այս տարբերակը, մինչդեռ Ֆրանսիայում այս ավանդույթը շատ ավելի քիչ տարածված է, այնտեղ հարցվածների միայն 12 տոկոսն էր նույն կարծիքը հայտնել, բրիտանացիների 22 տոկոսն է այդպես կարծում, մեքսիկացիների`19 տոկոսը:
Նոր տարվա տոնակատարության կարևոր, անբաժանելի տարրերի վերաբերյալ հարցին, բացի հրավառությունից, ավելի տարածված պատասխաններից են եղել «ընկերներին և ընտանիքին շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ» և «շամպայնով բաժակաճառ ասելը»։ Ֆրանսիացիներն ու գերմանացիները խմբի ամենառոմանտիկներն են եղել՝ համապատասխանաբար 45 և 37 տոկոսը «կեսգիշերին համբույրը» որպես տոնակատարության կարևոր մաս ընտրելով, ի տարբերություն ԱՄՆ-ի 32 տոկոսի, Մեծ Բրիտանիայի 26 տոկոսի և Մեքսիկայի 14 տոկոսի համեմատ։
ԱՄՆ-ում կատարված ուսումնասիրությունը հետաքրքիր վերլուծություն է կատարել` հասկանալու համար, թե որ սերունդի ներկայացուցիչները ինչ են կարծում հրավառությունները արգելելու վերաբերյալ: Ըստ արդյունքների` միլենիալները ամենաշատն են կողմ մասնավոր հրավառությունների արգելքին. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Statista-ի կողմից հարցված միլենիալների 41 տոկոսը նշել է, որ կարծում է, որ դրանք պետք է արգելվեն, ի տարբերություն մյուս սերունդների հարցվածների 30-32 տոկոսի ( Z սերունդ, G սերունդ և բեյբի բումերներ): Հարցմանը մասնակցած 1046 ամերիկացի մեծահասակներից 52 տոկոսը նշել է, որ կողմ չէ մասնավոր հրավառությունների արգելքին:
Իսկ որտեղի՞ց այսքան հրավառություն: Հաշվի առնելով երկրի՝ որպես գրեթե ամեն ինչի առաջատար արտահանողի կարգավիճակը, չպետք է մեծ զարմանք պատճառի այն փաստը, որ հրավառությունների մեծ մասը արտադրվում է Չինաստանում: Ավելացրեք դրան այն, որ հրավառությունների և վառոդի գյուտը պատկանում են Չինաստանին, և պատասխանն ավելի ակնհայտ է դառնում:
ՄԱԿ-ի առևտրի տվյալների համաձայն՝ Չինաստանին է պատկանում համաշխարհային հրավառության արտահանման մեծ մասը, որը տոնակատարություններ է կազմակերպում Սիդնեյից մինչև Սան Ֆրանցիսկո։ 2023 թվականին Չինաստանից արտահանվել է ավելի քան 360.000 մետրիկ տոննա հրավառություն՝ մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ, ինչը նշանակում է, որ երկիրը արտասահման է ուղարկել մոտավորապես նույն քանակությամբ հրավառություն, որքան հաջորդ հինգ խոշորագույն արտահանողները միասին։ Դրանց թվում են Նիդեռլանդները, Գերմանիան, Չեխիան, Լեհաստանը և Կամբոջան, որոնք 2023 թվականին միասին արտահանել են մոտ 37.000 մետրիկ տոննա։
Հրավառության ամենամեծ ներմուծողը, անկասկած, Միացյալ Նահանգներն է։ Երկիրը 2023 թվականին ներմուծել է ավելի քան 120.000 մետրիկ տոննա հրավառություն, որի 98 տոկոսը՝ Չինաստանից։
Թեև Չինաստանը համարվում է հրատեխնիկայի (պիրոտեխնիկա) հայրենիքը և ապահովում է ԱՄՆ ներկրվող արտադրանքի 98%-ը, սակայն այնտեղ ճայթուցիկներն ու հրավառությունները արգելված են բազմաթիվ նահանգներում։ Նման որոշման գլխավոր պատճառներն էին հրավառությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ օդի աղտոտվածություն, հրդեհներ, պայթյուններ։ Արդեն 1980-ականների վերջերին երկրի խոշոր քաղաքներում տարեցտարի ավելանում էին հրավառության և ճայթուցիկների գործարկման հետևանքով պատճառված գույքային վնասի և մարմնական վնասվածքների դեպքերը։ 1987 և 1993 թվականներին Պեկինը սկսեց կիրառել կանոնակարգեր և անվտանգային սահմաանփակումներ՝ հրավառության և ճայթուկների վերաբերյալ: Այդ ժամանակից ի վեր արգելքների ալիքը տարածվեց 282 քաղաքներում: Գործող սահմանափակումները սկսեցին դրական ազդեցություն ունենալ․ եթե 2003-ին ճայթուցիկների արտադրության ոլորտում գրանցվել էր 400 դժբախտ պատահար՝ մահվան 450 ելքով, ապա 2014-ին պատահարների թիվն արդեն 23 էր՝ 50 մահվան ելքով։
Հայաստանում հրատեխնիկայի օգտագործումը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի N 680-Ն որոշմամբ` «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ»:
Չնայած որոշման առկայությանը`տոնական օրերին կիրառվող հրատեխնիկայից, ճայթուկներից մարդիկ դեռևս շարունակում են տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալ, դրանց ոչ ճիշտ օգտագործման, անվտանգության կանոնները չպահպանելու կամ չլիցենզավորված ապրանքատեսակների կիրառման հետևանքով»: