Շուրջ 2.9 մլն դրամ պարգևավճար՝ յուրաքանչյուր պատգամավորին. Նրանք գիտե՞ն ինչպես ծախսել
Քաղաքական
12:22 25/12/2025
Հայաստան

Շուրջ 2.9 մլն դրամ պարգևավճար՝ յուրաքանչյուր պատգամավորին. Նրանք գիտե՞ն ինչպես ծախսել

Ազգային ժողովի պատգամավորները խոշոր պարգևավճարներ են ստացել։ Որքան է այն կազմում՝ Ազգային ժողովի աշխատակազմից Panorama.am-ին հրաժարվեցին պատասխանել՝ հղում կատարելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։  ԱԺ կայքում տեղադրված է երկու առանձին իրավական ակտ․ առաջին որոշումով նախատեսվում է միանվագ պարգևատրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, երկրորդ կարգադրությամբ կրկին միանվագ դրամական խրախուսում նույն շրջանակի անձանց համար՝ համաձայն կցված հավելվածների։  Թե որքան են կազմում  պարգևավճարները, որոշումների մեջ չի նշվում։ 

Panorama.am-ի տեղեկություններով՝ պատգամավորները դեկտեմբերին որպես պարգևավճար ստացել են 2.9 մլն դրամ։ 

Թեմայի վերաբերյալ Panorama.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշել է, որ ստացված պարգևավճարները խմբակցության պատգամավորների կողմից ուղղվել են սոցիալական և բարեգործական ծրագրերի։ Պատգամավորը չնշեց՝ որքան պարգևավճար է ստացել։ 

«Այո, այդ պարգևավճարներն ուղղվել են տարբեր սոցիալական ու բարեգործական ծրագրերի»,– ասաց Մամիջանյանը։

Panorama.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հայտնց, որ պարգևավճարի չափը կազմել է մոտ 2.3 մլն դրամ։

«Կարծես թե 2.3 մլն դրամ էր, դա միայն պարգևավճարը, հստակ թիվը չեմ կարող ասել»,– նշեց պատգամավորը։

«Հայաստան» խմբակցությունը ևս հայտարարել է, որ ստացված գումարն ուղղելու է բարեգործությանը։ 

Մինչդեռ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ ստացված գումարը աշխատավարձի հետ միասին հասել է մոտ 3 մլն դրամի։

Իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներից չհաջողվեց որևէ պատասխան ստանալ պարգևավճարների վերաբերյալ։ Մի քանի պատգամավորների ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան։ ԱԺ-ն ունի 107 պատգամավոր։ Եթե հաշվարկենք 2.9 մլն դրամով, ստացվում է, որ միայն պատգամավորներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմում է ավելի քան 310 մլն դրամ։ Նշենք, որ թիվը կարող է տատանվել՝ հաշվի առնելով, որ եթե պարգևավճարների չափը հաշվարկվել է ըստ աշխատավարձերի դրույքաչափերի, խմբակցության ղեկավարների ու քարտուղարների պարգևավճարները կարող են ավելի բարձր լինել։ 

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում  թոշակի միջին  չափը կազմում է ամսական շուրջ 50 հազար դրամ։ Ստացվում է՝ ԱԺ մեկ պատգամավորի տարեվերջին ստացված պարգևավճարը 1 կենսաթոշակառուի գրեթե 4 տարվա ստացած թոշակն է կազմում։ Հիշեցնենք, որ վերջերս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադառնալով թոշակների բարձրացման վերաբերյալ պահանջներին, նշեց. «Թոշակառուների թոշակն ամսեկան 11 հազար դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, ինչի՞ վրա է ծախսելու»՝ ակնարկելով, որ թոշակառուն ինքը չի կարող ճիշտ տնօրենել իր ստացած գումարը։ 

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը հավանաբար գիտեն՝ պատգամավորները ինչ են անելու այդ գումարը կամ վստահ են՝ նրանց ճիշտ ծախսելու ունակությունների վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder