Որոշակի ապացույցներ չեն ուղարկվել դատարան, որոնք հոգուտ Վարդան Ղուկասյանի են. Պաշտպան
Իրավունք
17:05 25/12/2025
Հայաստան

Որոշակի ապացույցներ չեն ուղարկվել դատարան, որոնք հոգուտ Վարդան Ղուկասյանի են. Պաշտպան

«Ապօրինի գործարքներ չեն եղել, դատախազության գնահատականն է դա, որի հետ մենք համաձայն չենք»,- Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դատական նիստից հետո ասաց Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։

Նա մանրամասնեց, որ եղել են սովորական, ընթացիկ աճուրդներ, որոնք միշտ են եղել, հիմա էլ է իրականացվում, հողամասեր են եղել, համապատասխան մասնագետներն այդ հողամասերն առանձնացրել են, դրվել է աճուրդի։

«Մարդիկ եկել, դիմել են, աճուրդային կարգով գնել են հողամաս։ Այս ամբողջ պրոցեսն իրենց համար նորմալ է,  բայց վերջին պրոցեսը,  երբ աճուրդի արդյունքում քաղաքապետը օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում, որ գնան ու Կադաստրում գրանցեն, դրա մեջ հանցակազմ են դիտել, որն անհասկանալի է»,- ասաց փաստաբանը։

Նա նաև հայտարարեց, որ որոշակի ապացույցներ քրեական գոծի հետ չեն ուղարկվել դատարան, որոնք հոգուտ Վարդան Ղուկասյանի են. «Ավելին չեմ ասի։ Ունենք ապացույցներ, որոնք դատաքննության փուլով կլրացվեն, կմիջնորդենք, ամենայն հավականությամբ, լրացուցիչ վկաներ հարցաքննվեն»։

Մեղադրական եզարակացության համաձայն. «Վարդան Ղուկասյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 12-ը հանդիսանալով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքաշինության բնագավառում իրականացնելով հետևյալ պարտադիր լիազորությունները՝ ի թիվս այլնի՝ կազմել համայնքի բնակավայրի քաղաքաշինական գլխավոր հատակագծի նախագիծը և համայնքի հողերի գոտիավորման ու օգտագործման սխեման, որոնք համապատասխան մարզպետի միջոցով, պետական լիազորված մարմնի հետ համաձայնեցնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը, համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմային համապատասխան կազմել համայնքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների գոտիավորման մանրամասն հատակագծման, հողաշինարարական և կառուցապատման նախագծերը, դրանք ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը, կազմել համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, դա ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը, կառուցապատողներին տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնել ճարտարապետաշինարարական նախագծերը, սահմանված կարգով տալ շինարարության (քանդման) թույլտվություն, ձևակերպել շինարարության ավարտական ակտերը, համայնքի սեփականություն համարվող գույքը, քաղաքաշինական գլխավոր հատակագծին, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմային համապատասխան, աճուրդային եղանակով օտարել և օտարվող գույքի մեկնարկային գինը սահմանելու մասին որոշման նախագծերը ներկայացնել ավագանու հաստատմանը, համայնքի ավագանու սահմանած կարգով որոշում կայացնել համայնքի սեփականություն համարվող գույքը, համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմային, ինչպես նաև ավագանու սահմանած վարձակալության վճարներին համապատասխան, վարձակալության տրամադրելու և հետ վերցնելու մասին, սահմանված կարգով անմիջական վերահսկողություն իրականացնել հողերի, շենքերի և շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, համայնքի քաղաքաշինական կանոնադրության պահանջների նկատմամբ, կանխել և կասեցնել ինքնակամ հողազավթումը և շինարարությունը, իր որոշմամբ անմիջապես ձեռնարկել համապատասխան գործողություններ և մեկամսյա ժամկետում, օրենքով սահմանված կարգով, ապահովել դրանց հետևանքների վերացումը, սույն բնագավառում իրականացնելով պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները՝ քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմային համապատասխան միմիայն իր կնքած պայմանագրի համաձայն հատկացնել, հետ վերցնել, վարձակալության տրամադրել, իսկ օրենքով սահմանված կարգով և դեպքերում օտարել համայնքի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝ հողօգտագործման բնագավառում իրականացնելով հետևյալ պարտադիր լիազորությունները՝ ի թիվս այլնի կառավարության սահմանած կարգով կազմել քաղաքային և գյուղական համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները, համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանած պայմաններով, սահմանված կարգով օտարել կամ օգտագործման տրամադրել համայնքի սեփականություն համարվող հողամասերը, օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելել, կասեցնել և վերացնել ապօրինի հողօգտագործումներն։

Սպարտակ Վարդանի Ղուկասյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Կոլյայի Ղուկասյանի հետ գտնվելով մերձավոր ազգակցական կապի մեջ՝ հանդիսանալով վերջինիս որդին, նախնական համաձայնության գալով հոր՝ Վ.Ղուկասյանի հետ, այն է՝ գիտակցելով ու նախատեսելով, որ Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող շինությունը համայնքից ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կատարման արդյունքում, ինչպես նաև՝ գիտակցելով ու նախատեսելով այն, որ հետագայում այդ գույքը փաստացի փոխանցվելու է Վարդան Ղուկասյանի տնօրինմանը, օժանդակել է վերջինիս՝ կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելու հարցում, հընթացս՝ օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման կատարմանը՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը և տնօրինման եղանակը թաքցնելու, հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու և հանցավոր հետքերը վերացնելու նպատակով օրինականացնելուն»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder