Ո՞ւմ գլխում է առաջացել Փաշինյանի տեսահոլովակների գաղափարը. BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը
Քաղաքական
14:06 25/12/2025
Հայաստան

Ո՞ւմ գլխում է առաջացել Փաշինյանի տեսահոլովակների գաղափարը. BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը

«Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը  տխրում Զեմֆիրայի ու Լեդի Գագայի ներքո. Պարզում ենք Փաշինյանի նոր կերպարը». Նման վերնագրով նյութ է հրապարակել BBC-ի ռուսական ծառայությունը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տարածած տեսանյութերին։

«Միջին տարիքի ճաղատ տղամարդը նսըած լսում է Զեմֆիրա, հայկական շանսոն ու ազգային երգեր, Ադել, Ջոն Լեննոն, ֆրանսիական ու ռուսական ռեփ, ДДТ խմբի ու Վիսոցկու ցիգանական ռոմանսները։ Այս տեսանյութերում նա կկոցում է աչքերը արևի ճառահայթներից, կապում է փողկապը, դեղին վարդը դնում բաճկոնի գրպանը կամ համակարգչով տեքստ է հավաքում։ Բայց ամենից հաճախ նա ուղիղ նայում է դիմացը՝ երբեմն ժպտալով, երբեմն մտախոհ, երբեմն տխուր։ Այդ տղամարդը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։2026-ի հունիսին երկրում կայանալու են խորհրդարանական ընտրություններ ու նախընտրական քարոզարշավին ընդառաջ քաղաքական գործիչը փոխում է իր հրապարակային կերպարը։

Այժմ, իր հակառակորդների հասցեին ուղղված մեղադրանքներին միացել են նաև նրա՝ լուռ երաժշտություն լսող տեսանյութերըը»,-գրում է աղբյուրը՝ հիշեցնելով, որ բոլոր տեսանյութերում Փաշինյանն իր հետևորդներին ձեռքով սրտիկ է ցույց տալիս, իսկ տեսանյութին կից գրառում կատարում։

Ո՞ւմ գլխում է առաջացել այս տեսահոլովակների գաղափարը, և ո՞վ է ընտրում երաժշտություն դրանց համար։

Նոյեմբերին ռուս մարքեթոլոգ Եգոր Բոլկոնսկին մասնագիտական համաժողովի ժամանակ պատմեց ամերիկյան PR-ի մասին։ Նրա զեկույցում նշվում էր, որ Նյու Յորքում գործող Edelman ընկերությունն է կանգնած  Փաշինյանի տարօրինակ տեսանյութերի հետևում։ Այն աշխարհի ամենամեծ PR գործակալություններից մեկն է։

Այս տեղեկությունը տարածվեց հայկական լրատվամիջոցներով, և Հայաստանում շատերը համոզված են, որ Edelman-ը  խորհրդատվություն է տրամադրում վարչապետին։ Սակայն Edelman-ը կտրականապես հերքում է այդ վարկածը։

«Ընկերությունը չի աշխատում Հայաստանի վարչապետի համար և կապված չէ նրա սոցիալական ցանցերի հետ»,- BBC-ին ասել է  ընկերության ներկայացուցիչը։ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ևս հերքել է տեղեկությունը։

Նա BBC-ին ասել է, որ երաժշտությամբ տեսահոլովակներ նկարահանելու գաղափարը Փաշինյանինն է, և նա անձամբ է ընտրում երաժշտությունը։ «Վարչապետի սոցիալական մեդիա ռազմավարության մշակման գործում որևէ PR ընկերություն կամ խորհրդատու ներգրավված չէ։ Բոլոր համապատասխան աշխատանքները կատարում է վարչապետի աշխատակազմի մեդիա թիմը», - հավելել է Բաղդասարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder