Աջափնյակի մետրոյի շուրջ կրքերը չեն հանդարտվում. Քաղաքապետարանն արձագանքել է դրանց փոշիացման մասին հրապարակումներին
Իրավունք
13:03 26/12/2025
Հայաստան

Աջափնյակի մետրոյի շուրջ կրքերը չեն հանդարտվում. Քաղաքապետարանն արձագանքել է դրանց փոշիացման մասին հրապարակումներին

Քաղաքապետարանն արձագանքել է Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման համար նախատեսված գումարների փոշիացման մասին «Հետք»-ի հրապարակմանն ու դրա հիման վրա հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանի գրառմանը։

Վերջինը, տեղադրելով «Հետք»-ի ռեպորտաժից մի հատված, գրել է.

«Որ բոլորի համար հասկանալի լինի՝ ավելի պարզ ձևով ասեմ, թե ինչ է եղել։ Ուրեմն պետությունը 1.8 մլրդ դրամ է վճարել, որ Աջափնյակ մետրոյի կառուցման համար կազմեն նախագիծը ու ծավալաթերթը։ Բայց փաստացի տվել են միայն նախագիծը։ Կարճ ասած՝ գործի կեսն են արել, բայց ամբողջ գործի գումարը պետությունը վճարելա։

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տրանսպորտի ու մետրոյի ղեկավար Տիգրան Մուշեղյանը դրա մասին հայտնելա թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ Տիգրան Ավինյանին, որ իրենց խաբել են․ գործի կեսն են արել, գործի ամբողջ փողը վերցրել ու գնացել են։

Որ բոլորի համար ավելի պարզ լինի՝ ծավալաթերթը նույն սմետանա, որտեղ նշվումա՝ ինչ շինանյութեր են օգտագործվելու, ինչ աշխատանքներ են արվելու, ինչ ծավալով ու ինչ արժեքով։ Հենց դրա հիման վրա պետքա պարզ դառնար Աջափնյակ մետրոյի կառուցման արժեքը, ու հենց նախագծով ու ծավալաթերթով էլ պետքա դրվեր տենդեռի։

Փաստացի ծավալաթերթի բացակայությունը ցույցա տալիս, որ ի սկզբանե մտադրություն չի եղել Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանը կառուցելու, որովհետև առանց ծավալաթերթի կառուցելն ուղղակի անհնարա։

Դա նույննա, որ մարդ իր տանը լամինատ ուզենա տեղադրի, գնա խանութ, ասի՝ ինձ լամինատ տվեք, աշխատողը հարցնի՝ քանի քառակուսի, ու տան տերը ասի՝ չգիտեմ։

Արդյունքում 1.8 մլրդ դրամը ուղղակի փոշիացրել են, որ ընտրությունների ժամանակ ասեն՝ հեսա-հեսա Աջափնյակի մետրոն ենք սարքում, հիմա նախագծման փուլում ենք։

Էդ գումարով Երևանում կարելի էր մի շարք խնդիրներ լուծել, բայց իշխանությունը նախընտրեց 1.8 մլրդ դրամի ստեր փչել»։

Ի պատասխան Քաղաքապետարանից հայտնում են, որ  2025թ. պետական բյուջեով հաստատված միջոցներից Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանին հատկացվել է 9,640,000.0 հազ. դրամ, որից 3-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի համար «Մետրոգիպրոտրանս» ԲԸ-ին վճարվել է 765,100.0 հազ. դրամ:

«Հետագայում կատարվել են մետրոյի կառուցման ծրագրի նվազեցումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է 2025թ. հունիսի 9-ին:

Քանի որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ և այնուհետև շինարարական աշխատանքների գնման գործընթացների ընթացակարգերից, ուստի նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չի եղել:

Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով դրանք վերաբաշխվել են և ուղղվել այլ միջոցառումների իրականացմանը:

Պետական բյուջեի մասին 2026թ. օրենքով մետրոյի կառուցման համար նախատեսվել է 2,000,000.0 հազ. դրամ՝ կառուցման մեկնարկի ու նախապատրաստական աշխատանքների համար:

Հետագայում փուլ առ փուլ այս միջոցները կավելացվեն»,-նշել են քաղաքապետարանից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder