Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ArCa քարտով գնումների 2% վերադարձ՝ խիստ սահմանափակումներով. Ի՞նչ բացառություններ են լինելու
Հունվարի 1-ից ArCa քարտերով անկանխիկ գնումներ կատարող քաղաքացիները կստանան գումարի 2% հետվերադարձ։ Ծրագրից կկարողանան օգտվել նաև այն քաղաքացիները, ովքեր նոր են պատրաստվում ձեռք բերել ArCa քարտեր։ Ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն այսօր ասուլիսում ներկայացրել է քարտերով իրականացվող գնումների համար նախատեսվող 2% հետվերադարձի մեխանիզմը՝ ընդգծելով, որ այն ուղեկցվում է մի շարք սահմանափակումներով։
Գումարային սահմանափակումներ կան թե՛ գործարքի, թե՛ ամսական կտրվածքով։
«Մի գործարքի դեպքում առավելագույն հետվերադարձի գումարը սահմանափակված է 6000 դրամով, իսկ մեկ ֆիզիկական անձի հաշվով ամսական հանրագումարային ետվերադարձի համար սահմանային չափ է սահմանված՝ 60000 դրամ»,- նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ամսական առավելագույնը կարող է հաշվի առնվել մինչև 3 միլիոն դրամի գնում, քանի որ դրա 2 տոկոսը կազմում է 60 հազար դրամ։
Որոշ ծառայությունների դեպքում հետվերադարձ չի լինի. «Տեղեկատվության կապի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվերադարձ նախատեսված չէ, պետական և համայնքային բյուջեների օգտին կատարվող վճարումների դեպքում նույնպես»։
Բացառությունների ցանկում են նաև բարձր ռիսկային վաճառակետերը․ «Դրանք են մեծահասակների համար նախատեսված բովանդակություն, ծանոթությունների կայքեր և հարթակներ, խաղատներ, խաղային ծառայություններ, թվային ֆայլերի պահեստավորում, հեռակա օգտագործման ծառայություններ, դրամապանակներ, կրիպտոդրամապանակներ և այլ կրիպտո ծառայություններ, բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակներում, հեռախոսային մարքեթինգի ծառայություններում, ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրությունների, թանկարժեք քարերի և մետաղների առք ու վաճառքի դեպքում»։
Մկրտչյանի խոսքով՝ ծրագրից դուրս են մնում նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները։
«Ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայությունների դիմաց գանձվող ցանկացած վճար նույնպես բացառությունների մեջ է։ Բանկային որևէ գործարքի կամ այլ բանկային ծառայության դիմաց կատարված վճարումը անկանխիկ եղանակով չի առաջացնելու ետվերադարձ»,-ասաց նա։
Հետվերադարձը չի գործի նաև որոշակի քարտատեսակներով իրականացված գործարքների դեպքում․ «ԱրՔա նվեր և մեկանգամյա օգտագործման քարտերով կատարված գործարքների համար նույնպես հետվերադարձ նախատեսված չէ»։