Ադրբեջանի պաշտոնական պահանջները հերթական անգամ ընդլայնվում են. քաղաքագետ
Քաղաքական
09:28 27/12/2025
Հայաստան

Ադրբեջանի պաշտոնական պահանջները հերթական անգամ ընդլայնվում են. քաղաքագետ

«Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունը, ըստ որի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ, այլև TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում, հերթական անգամ բացահայտում է Բաքվի իրական մոտեցումը խաղաղության գործընթացին»,- նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ 

Ըստ նրա, այսպիսով, Ադրբեջանի պաշտոնական պահանջները հերթական անգամ ընդլայնվում են։ 

«Սահմանադրության փոփոխության պահանջին այժմ ավելացվում է նաև ենթակառուցվածքային նախագիծը, որը ներկայացվում է ոչ թե որպես համագործակցության հնարավորություն, այլ որպես նոր քաղաքական նախապայման։ 

Սա վկայում է, որ խաղաղությունը Բաքվի համար նպատակ չէ, այլ ճնշման գործիք, որը գործարկվում է փուլ առ փուլ։ 

TRIPP-ի ներառումը խաղաղության պայմանների շարքում ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է վերահսկել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ոչ միայն տեխնիկական, այլև իրավական և անվտանգային պայմանները։ 

Այդ կերպ կասկածի տակ է դրվում Հայաստանի ինքնիշխան որոշումների ընդունման լիարժեքությունը և բանակցային սուբյեկտայնությունը։ 

Սահմանադրական փոփոխությունների և ենթակառուցվածքային պարտավորությունների միավորումը ձևավորում է վտանգավոր տրամաբանություն, որտեղ յուրաքանչյուր կատարում չի փակվում որպես ավարտված հարց, այլ դառնում է նոր պահանջների հիմք։ 

Ադրբեջանը, հաղթանակած կողմ լինելով 2020-2023 թթ. պատերազմներում, չի շտապում ինստիտուցիոնալ խաղաղություն հաստատել, քանի որ կարգավիճակը թույլ է տալիս պահպանել ճնշումը և կորզել լրացուցիչ զիջումներ՝ առանց փոխադարձ երաշխիքների: 

Խաղաղության պայմանագրի ստորագրումը մշտապես հետաձգվում է, իսկ բանակցային գործընթացը վերածվում է պայմանների կուտակման մեխանիզմի։ 

Այս մոդելի էությունը պարզ է։ 

Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության։ 

Նրա նպատակը Հայաստանին պահելն է պերմանենտ զիջումների դաշտում, որտեղ խաղաղությունը ոչ թե վերջնակետ է, այլ մշտապես հեռացող հորիզոն»,- գրել է Սուրենյանցը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանի պաշտոնական պահանջները հերթական անգամ ընդլայնվում են. քաղաքագետ