Սահմանադրության դեմ ստորագրություն. Փաշինյանի նոր հանցագործությունը. Սուրենյանց
Քաղաքական
08:35 05/01/2026
Հայաստան

Սահմանադրության դեմ ստորագրություն. Փաշինյանի նոր հանցագործությունը. Սուրենյանց

«Փաշինյանի մասնակցությամբ այս համատեղ հայտարարությունը միաժամանակ բացահայտում է իշխանության մարտավարական վերադասավորումը»,-անդրադառնալով հայտնի հայտարարությանը՝ գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա մանրամասնում է.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ և ստորագրությամբ հրապարակված համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին, այլևս չի տեղավորվում քաղաքական հայտարարությունների կամ աշխարհիկ–հոգևոր բանավեճի շրջանակում։  Այն գործողությունների հստակ ծրագիր է, որն ուղղված է Եկեղեցու ներքին կառավարման վերաձևմանը՝ պետական իշխանության անմիջական և գռեհիկ ներգրավմամբ։ 

Հայտարարությամբ ձևավորվում է «Համակարգող խորհուրդ», որի օրակարգում ներառված են Վեհափառի հեռացումը, կաթողիկոսական տեղապահի ընտրությունը, Եկեղեցու կանոնադրության ընդունումը և Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունը։ Առանձնապես կարևոր հանգամանք է, որ այս փաստաթուղթը ստորագրված է ոչ միայն վարչապետի, այլև տասը տիրադավ եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կողմից, որոնք, թեև դեռ կարգալույծ չեն, չեն կարող Եկեղեցու անունից հանդես գալ նման բնույթի նախաձեռնություններով։ 

Այս համադրությունը գործընթացին տալիս է ոչ թե բարենորոգման, այլ բացահայտ քաղաքական միջամտության բնույթ։ 

Վարչապետի ստորագրությունը հայտարարության տակ այն վերածում է գործադիր իշխանության ուղղակի մասնակցությամբ նախաձեռնության, ինչը հակասում է Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածին, որով ամրագրված է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը և պետական իշխանության միջամտության արգելքը Եկեղեցու ներքին գործերին։ 

Բարենորոգումը, իր բուն իմաստով, ենթադրում է ներհոգևորական գործընթաց, կանոնական մարմինների դերակատարում և աշխարհիկ իշխանության չեզոքություն։ 

Տվյալ դեպքում, սակայն, գործ ունենք աշխարհիկ իշխանության նախաձեռնությամբ և քաղաքական հովանավորությամբ ձևավորվող կառույցի հետ, որի նպատակը Եկեղեցու կառուցվածքի փոփոխությունն է։ Սա ինստիտուցիոնալ ճնշում է, ոչ բարեփոխում։ 

Փաշինյանի մասնակցությամբ այս համատեղ հայտարարությունը միաժամանակ բացահայտում է իշխանության մարտավարական վերադասավորումը։ 

Կաթողիկոսին արագ հեռացնելու փորձերի ձախողումից հետո շեշտը դրվում է ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ եկեղեցական ինստիտուտի թուլացման, ապամոնտաժման կամ պառակտման վրա։ Տիրադավ հոգևորականների ներգրավումը ծառայում է հենց այդ նպատակին՝ ստեղծելով ներեկեղեցական լեգիտիմության արհեստական պատրանք։ 

Քաղաքական առումով այս հակաեկեղեցական գործընթացը իշխանության համար ունի նաև գործիքային նշանակություն։ Ազգային և բարոյական ինստիտուտների հետևողական արժեզրկումը նպաստում է հասարակության բարոյալքմանը և ապատիայի խորացմանը։ Ապատիկ հասարակությունը նվազ մասնակցություն է ցուցաբերում քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ ընտրություններին, ինչն իր հերթին ստեղծում է առավել բարենպաստ միջավայր ավտորիտար իշխանությունների վերարտադրության համար։ 

Այսպիսով, գործ ունենք սահմանադրական կարգավորումների գիտակցված խախտման, Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնիշխանության խաթարման և քաղաքական նպատակներով հասարակության արժեքային դաշտի համակարգային քայքայման հետ։ 

Եվ հենց այս համատեքստում է, որ վարչապետի ստորագրությունը դառնում է ոչ թե քաղաքական դիրքորոշում, այլ Սահմանադրության դեմ ուղղված գործողություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder