Արևային էներգիայի կտրուկ աճ՝ Հայաստանում․ Կառավարությունը չգիտի՝ ինչ անի դրա հետ
Տնտեսություն
18:00 05/01/2026
Հայաստան

Արևային էներգիայի կտրուկ աճ՝ Հայաստանում․ Կառավարությունը չգիտի՝ ինչ անի դրա հետ

Հայաստանի էներգետիկ համակարգում առաջարկվում է ներդնել լիցենզավորված էներգիա պահեստավորող կայաններ, սահմանել ավելացվող և միացվող կայանների առավելագույն հզորություններ, ինչպես նաև կարգավորել ինքնավար և միկրոէներգաարտադրողների միացումը, որպեսզի նվազեցվի ավելցուկային արևային էներգիայի պատճառած լարման տատանումները և բարձրացվի համակարգի կայունությունը։ Նախագիծը ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ու դրվել հանրային քննարկման։ 

Նշվում է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում վերջին տարիներին կտրուկ աճել է վերականգնվող էներգետիկայի՝ հատկապես արևային կայանների արտադրությունը, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ավելացել է ոչ կայուն, ժամային տատանումներով բնութագրվող հզորությունների մասնաբաժինը։ Սա առաջացրել է համակարգի վրա լարվածություն և անհրաժեշտություն՝ ներդնել կարգավորիչ ու պահպանող մեխանիզմներ։

Ըստ հիմնավորման՝ Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը պետք է կառուցվեր շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայան, ներառյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքներ։ Սակայն ներկայիս տեմպերով այս թիրախը հասցվել է գերազանցել արդեն 2025 թվականին։

Սովորաբար, նման ծավալով արտադրությունը ցերեկային ժամերին առաջացնում է էլեկտրաէներգիայի ավելցուկ, որը պահեստավորող կայանների բացակայության պատճառով հնարավոր չէ կուտակել, իսկ Հայաստան - Վրաստան և Իրան – Հայաստան համապատասխան ենթակառուցվածքների՝ դեռևս կառուցված չլինելու պատճառով հնարավոր չէ նաև արտահանել, ինչի արդյունքում համակարգում առաջանում են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ լարման տատանումներ, հաճախականության շեղումներ և այլն։

Ըստ նախագծի՝ համակարգի կայունությունը ապահովելու համար նախատեսվում է Էներգիա պահեստավորող կայանների ներդրում, որոնք հնարավորություն կտան կուտակել ավելցուկային էներգիան և վերահսկել արտադրությունը, լիցենզավորման նոր մեխանիզմներ, որոնց միջոցով համակարգի լիազոր մարմինը կարող է սահմանել արտադրական կայանների միացման առավելագույն գումարային հզորություններ, էներգիայի պահեստավորման լիցենզիա՝ մինչև 1 ՄՎտ հզորությամբ սեփական կարիքների համար կամ մեծածախ շուկայի ծառայություններ մատուցելու նպատակով, երաշխիքային գումարների վերահսկում, որպեսզի կանխվեն լիցենզիաների սպեկուլյատիվ ձեռքբերումներն ու դրանց բարձր գնով վաճառքը։ 

Այս նախագիծն ուղղված է զսպելու արևային հզորությունների, արևային կայանների կառուցումը։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով առաջարկվող օրենսդրական փոփոխություններին։ 

«Խնդիրն առաջացավ անցած տարվա կեսերին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարեց, որ հասել են ռազմավարական նպատակին, որին պետք է հասնեին մինչև 2030 թվականը՝ ապահովել Հայաստանի տարածքում գործող արևային հզորությունները մինչև 1000 մեգավատ։ Վերջին տարիներին ստեղծվել էին բարենպաստ պայմաններ նոր արևային կայանների կառուցման համար, ինչը դրսևորվել է սակագնային հարմար քաղաքականության տեսքով։ Արդյունքում, Հայաստանի Հանրապետությունում գործող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանները իրենց դրվածքային հզորությամբ գերազանցում են Մեծամորի ատոմակայանի դրվածքային հզորությունը։ Փաստացի այսօր ունենք էլեկտրաէներգետիկ հզորություններ, որոնք գերազանցում են մեր ներքին պահանջարկը, և սա իր մեջ ռիսկային, ճգնաժամային պոտենցիալ է պարունակում», –նշեց նա։

Դավթյանի խոսքով՝ նոր կայանների կառուցումը ենթադրում է ինտեգրում էլեկտրաէներգետիկ համակարգում, սակայն գերազանցող հզորությունները կարող են խնդիրներ ստեղծել, ավելցուկը դառնում է ռիսկային։

«Կուտակիչ կայանները բավականին թանկ են ամբողջ աշխարհում, դրանց կիրառումը դժվար է որակել որպես համատարած։ Երբ առաջարկվում է, որ արևային կայան կառուցող ընկերությունը պարտավորվի նաև կուտակիչ կայան ապահովել, դա էապես կրճատելու է ներդրումները ոլորտում», – ասաց Դավթյանը։

Ինչ վերաբերում է էներգետիկայի արտահանման հնարավորություններին, փորձագետը նշեց, որ Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ օդային գիծը, որը կարող է ավելացնել դեպի Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումը, այսօր պատրաստ է ընդամենը 30-40 տոկոսով։

«Այն պետք է պատրաստ լիներ 2020 թվականին, այժմ հայտարարվում է 2026 թվականի ամռանը այդ ենթալկառուցվածքը պատրաստ է լինելու, բայց այստեղ ես ունեմ որոշակի կասկածներ՝ հաշվի առնելով աշխատանքների դինամիկան։ Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները պետք է սկսված լինեին 2019 թվականին, սակայն ծրագիրը վերանայվեց, հայտարարվեց նոր մրցույթ, և հաղթած Siemens ընկերությունը դուրս եկավ՝ ծանրաբեռնված լինելու պատճառով։ Որքանով ես գիտեմ՝ այսօր կառավարությունը նոր մրցույթային փաթեթ է պատրաստում Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման վերաբերյալ, այսինքն սա ևս ենթադրելու է առնվազն չորսից հինգ տարի կառուցման աշխատանքներ», – ասաց նա՝ հավելելով, որ լավ կլիներ, որպեսզի Հայաստանի էներգետիկ քաղաքականության առանցքային առաջնահերթություններից մեկը լիներ հենց էլեկտրաէներգիայի արտահանումը, բայց փաստացի ունենք այն, ինչ ունենք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder