Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպե՞ս կազդեն Իրանում բողոքի ակցիաները Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի վրա. Փորձագետներ
Վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ազատ շուկայում զգալի աճ է արձանագրել՝ արտացոլելով իրանական ռիալի շարունակվող արժեզրկումը։ Տնտեսական անորոշության, արտաքին ճնշումների և ներքին սոցիալական խնդիրների ֆոնին փոխարժեքի կտրուկ տատանումները կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում։
Եթե մեկ ամիս առաջ ազատ շուկայում մեկ դոլարը գնահատվում էր մոտ 1 միլիոն 240 հազար ռիալ, ապա վերջին օրերին այն հասել է շուրջ 1 միլիոն 450–ից 1 միլիոն 480 հազար ռիալի։ Այսպիսով, ընդամենը մեկ ամսում դոլարի գինը բարձրացել է մոտ 150–250 հազար ռիալով, ինչը համարժեք է մոտ 10–20 տոկոս աճի։ Դա բերել է նրան, որ երկրում զանգվածային ցույցեր են սկսվել։
Այս գործընթացն անմիջական ազդեցություն է ունենում Իրանի տնտեսության վրա՝ խորացնելով գնաճը, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների շուկայում։
Իրանագետ Արմեն Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ Իրանը գտնվում է ծանր միջազգային պատժամիջոցների ներքո, ինչի պատճառով տնտեսությունը փաստացի կաթվածահար վիճակում է։ Իրավիճակը սրվում է նաև նավթի վաճառքի սահմանափակումների պատճառով։
«ԱՄՆ-ն խիստ ճնշումներ է գործադրում որոշ երկրների վրա, որպեսզի դադարեցնեն Իրանից նավթի գնումը։ Իսկ Իրանում դոլարի ստացման հիմնական աղբյուրը հենց նավթի վաճառքն է։ Երբ նավթը քիչ են վաճառում, դոլարն էլ քիչ է մտնում երկիր, և դրա արդյունքում փոխարժեքը թանկանում է»,– ընդգծեց իրանագետը։
Խոսելով Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին՝ Արմեն Վարդանյանը նշում է, որ ամենազգալի ազդեցությունը կարող է լինել զբոսաշրջության ոլորտում։
«Իրանից եկող զբոսաշրջիկները պետք է նախ դոլար գնեն, հետո գան Հայաստան։ Եթե դոլարը թանկանում է, նրանք ստիպված են ավելի շատ վճարել, ինչը կարող է ազդել դեպի Հայաստան տուրիստական հոսքերի վրա»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ, Վարդանյանի գնահատմամբ, երկկողմ առևտրի մասով լուրջ փոփոխություններ ակնկալել պետք չէ։
«Մեզ համար արտահանման տեսանկյունից ձեռնտու է, երբ դոլարը թանկ է, սակայն Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը մեծ չէ՝ տարեկան մոտ 700 միլիոն դոլար, և ես լուրջ ծավալների փոփոխություն չեմ կանխատեսում»,– նշեց նա։
Տնտեսագետ, «Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ իրանական ռիալի արժեզրկումը նոր երևույթ չէ։
«Ռեալի արժեզրկումը առաջին տարին չէ, որ տեղի է ունենում։ Տասնամյակներ շարունակ Իրանի Իսլամական Հանրապետությունում այս գործընթացը շարունակվում է, և դրա հետևանքով զանգվածային ցույցերը ևս առաջին անգամ չեն։ Երկու-երեք տարի առաջ նույն պատճառներով արդեն եղել են նման բողոքի ակցիաներ»,– ասաց տնտեսագետը։
Թավադյանի գնահատմամբ՝ արժեզրկված ռիալը որոշ առումով բարձրացնում է Իրանի մրցունակությունն արտաքին շուկաներում, սակայն ունի նաև լուրջ բացասական հետևանքներ։
«Արժեզրկված ռեալը հնարավորություն է տալիս Իրանի արտադրողներին իրենց ապրանքը համաշխարհային շուկայում ավելի մրցունակ դարձնել, սակայն փակ և կիսափակ տնտեսության պայմաններում սա նաև բերում է բացասական հետևանքների։ Մարդկանց համար ավելի դժվար է դառնում դուրս գալ երկրից, քանի որ նրանց ունեցվածքը դոլարով, դրամով կամ այլ արժույթներով տարեցտարի արժեզրկվում է ռեալի նկատմամբ»,– նշեց նա։
Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների մասով տնտեսագետը շեշտեց, որ առևտրաշրջանառության ծավալները համեմատաբար փոքր են։
«Մեր առևտրաշրջանառությունը Իրանի հետ համեմատաբար քիչ է։ Ճիշտ է, Իրանը մեր երկրորդ բաց սահմանն է, սակայն տարիների ընթացքում իրենք վարել են պրոտեկցիոնիստական քաղաքականություն, և այդ շուկա մտնելը բարդ է»,– ասաց Թավադյանը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում որոշ հայկական արտադրողներ արդեն բախվում են խնդիրների։
«Մենք հիմնականում Իրան արտահանում ենք գազի դիմաց, սակայն հիմա, երբ Իրանը դարձել է ԲՐԻԿՍ+ անդամ, իսկ Հայաստանը ԵԱՏՄ պետություն է, սկսել ենք հանդես գալ որպես կամուրջ Իրանի և Ռուսաստանի միջև։ Արտահանվում են կենդանի կենդանիներ, հատկապես ոչխարներ, ինչպես նաև պանիր։ Սակայն այս արտադրողները ներկայումս դժվարությունների առաջ են կանգնած, քանի որ Իրանում իրենց արտադրանքը թանկանում է, մինչդեռ Իրանից եկող ապրանքը՝ էժանանում»,– պարզաբանեց տնտեսագետը։
Աղասի Թավադյանի գնահատմամբ՝ մակրոտնտեսական մակարդակում Իրանում տեղի ունեցող գործընթացներն այս պահին լուրջ ազդեցություն չեն ունենում Հայաստանի տնտեսության վրա։
«Եթե ընդհանուր մակրո տեսանկյունից նայենք, ապա այս փուլում մեծ ազդեցություն չկա, ինչպես որ չկար նաև երկու-երեք տարի առաջ տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ։ Սակայն եթե Իրանում տեղի ունենա իշխանափոխություն, իրավիճակը կարող է դառնալ անկանխատեսելի, բայց դա արդեն ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական հարթության հարց է»,– եզրափակեց նա։
Հեղինակ՝ Անժելա Պողոսյան