Դատախազի ռեպլիկը նյարդայնացրեց Բագրատ Սրբազանին
Իրավունք
17:11 08/01/2026
Հայաստան

Դատախազի ռեպլիկը նյարդայնացրեց Բագրատ Սրբազանին

18 արդարների գործով նիստում՝ ապացույցների ծավալի վերաբերյալ քննարկման ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հարց բարձրացրեց՝ ինչի՞ հիման վրա են մարդիկ ապացույց ներկայացնելու։

«Այդ հարցն առանցքային նշանակություն ունի․ օրինակ շենքեր գրավելու մասին, ահաբեկչական գործողություններ պլանավորելու մասին... Դուք ասում եք, չէ՞, ձեռագիր կա, փորձաքննություն կա՞։ Եթե չկա, Դուք կամ որրևէ մեկը կարո՞ղ է ինձ համոզել, որ դա չի գրել Արայիկ Հարությունյանը։ Ոչ ոք չի կարող, կներեք, որ այդ անունն եմ տալիս»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նա ընդգծեց, որ խորհրդարանում ամիսներ առաջ դատախազը հայտարարություն է հնչեցրել, սակայն որևէ փորձաքննություն չի իրականացվել, մարդիկ ամիսներ շարունակ տնից-տեղից կտրված են, անազատության մեջ։

«Սա բարոյական հարց է։ Երկրորդը, էն որ ասում են, Գալստանյանի բնակարան եկել-գնացել են, այստեղ մարդ չկա, որ իմ բնակարան չի եկել-գնացել, ինչո՞ւ են նրանք այն կողմում նստած։ Անկեղծ եմ ասում, սարկազմ չկա ասածիս մեջ։ Ո՞վ է որոշել, որ Իգոր Սարգսյանի խոսքին կպցվում է Իշխան Սաղաթելյանը, որն այնտեղ չի։ Դա ո՞նց եղավ ապացույց»,-ցույց տալով ապակուց այն կողմ՝ դահլիճում նստածներին՝ ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ մինչ օրս էլ մարդկանց նեղություն են տալիս, գնում են բնակարաններ են խուզարկում։

Սրբազանի խոսքին նստած տեղից միջամտեց հանրային մեղադրողը. «Ի՞նչ կապ ունի»։

«Շատ մեծ կապ ունի, շատ մեծ կապ ունի։ Չմիջամտես ընդհանրապես։ Սա առանցաքին է պատասխանատվության առումով»,-բարկացավ Բագրատ Սրբազանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատախազի ռեպլիկը նյարդայնացրեց Բագրատ Սրբազանին