Ուկրաինական պատերազմը Հայաստանի տնտեսության համար եղել է ոչ թե մարտահրավեր, այլ հնարավորություն. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
12:27 08/01/2026
Հայաստան

Ուկրաինական պատերազմը Հայաստանի տնտեսության համար եղել է ոչ թե մարտահրավեր, այլ հնարավորություն. Քաղաքական վերլուծաբան

«Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, թե «չնայած բազմաթիվ մարտահրավերներին, Հայաստանի տնտեսությունը 2018 թվականից ի վեր աճել է 50 տոկոսով»: Ներեցեք, բայց սա եւս՝ չկրթված, անգետ մարդկանց համար արվող հայտարարություն է: Հայտարարություն, որի «հասցեատեր» կամ «սպառող» կարող է լինել միայն մարդը, որը կամ պարզապես «ի պաշտոնե» է հակված սպառել՝ այսինքն «ի գրպանե», կամ էլ մարդը, որի համար Նիկոլ Փաշինյանի ցանկացած տառ անգամ վերին ատյանի եւ անառարկելի ճշմարտություն է, անկախ, թե ինչ տառ է ու ինչ համատեքստում արտաբերված»,-ման համոզմունք է հայտնում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է.

«Ի վերջո, կար չէ՞ այդպիսի պատգամավորուհի, որը կարծես թե մինչ այժմ խորհրդարանում է, բայց հայտաարարել է, թե չի լինի նոր ցուցակում, որովհետեւ որոշել է գնալ բիզնեսի դաշտ: Այդ պատգամավորուհին էր 2018 թվականին հայտարարում, թե Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի փոխարեն դատարկ թուղթ էլ բերեր, ինքը կարժանացներ այն հավանության:

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չնայած բոլոր մարտահրավերներին՝ տնտեսությունն աճել է 50  տոկոսով՝ 7 տարիների ընթացքում:

Այո, եղել են մարտահրավերներ՝ կորոնավիրուս եւ պատերազմ: Սա անհերքելի է: Ընդ որում, կորոնավիրուսը մարտահրավեր է եղել ընդհանրապես համաշխարհային տնտեսության համար, բոլոր երկրների համար՝ անխտիր:

Ինչ  վերաբերում է պատերազմին, ապա այն իհարկե բացի ընթացիկ ծախս պահանջելուց, նաեւ բերել է հետեւանքների, որոնք Հայաստանի համար տնտեսական կարեւորագույն ռեսուրսային ուղղություններ «թողել» է Ադրբեջանի վերահսկողության տակ: Բայց, ինքնին պատերազմի մարտահրավերի հարցում կա մի շատ մեծ  հարց՝ իսկ որքա՞ն է դրանում հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քաղաքական իշխանության դերն ու պատասխանատվությունը: Սա թե ուղիղ, թե նաեւ հռետորական հարցադրում է, որովհետեւ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը լինելով իշխանություն՝ գլխավոր պատասխանատուն է այդ «մարտահրավերի» հարցում:

Այդ ամենով հանդերձ, եթե եղել է կորոնավիրուս ու պատերազմ, ապա հետո էլ եղել է ուկրաինական պատերազմ: Իսկ այդ մի պատերազմը Հայաստանի տնտեսության համար եղել է ոչ թե մարտահրավեր, այլ հնարավորություն, եւ դատելով մի շարք հանգամանքներից՝ կորոնավիրուսի եւ 44-օրյա պատերազմների տնտեսական մարտահրավերի համեմատությամբ՝ թերեւս էապես ավելի մեծ ու «շահութաբեր» հնարավորություն, որ շարունակվում է արդեն գրեթե չորս տարի:

Արդեն չորս տարի այդ պատերազմը ձեւավորել է այնպիսի արտաքին կոնյուկտուրա, որը օգնել է մի քանի գործոնների բերումով անգամներով ավելացնել Հայաստանի տնտեսության ծավալներն ու վիճակագրությունը: Կրկնեմ՝ դա շարունակվում է արդեն չորս տարի:

Եվ, եթե սրան էլ վելացնում ենք այն, որ 2018-ից ի վեր եղել է գնաճ, իսկ վերջին տարիներին էլ բավականին բարձր գնաճ, ինչպես նաեւ ավելացնենք կրկնապաատկված պետական պարտքը, ապա կարող ենք հանգիստ արձանագրել, որ 2018-26 թվականներին Հայաստանի տնտեսության 50 տոկոս աճը գործնականում որեւէ կերպ պայմանավորված չէ Հայաստանում վարվող ինչ որ հմուտ քաղաքականությամբ: Եվ ավելին, հմուտ քաղաքականության դեպքում, տնտեսության ցուցանիշները պետք է լինեին անգամներով ավելի, իսկ պետական պարտքը՝ զգալիորեն պակաս»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուկրաինական պատերազմը Հայաստանի տնտեսության համար եղել է ոչ թե մարտահրավեր, այլ հնարավորություն. Քաղաքական վերլուծաբան