Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը Նիկոլի ռեժիմի, Նիկոլի բանդայի պատանդներն են. Աննա Մկրտչյան
Քաղաքական
14:07 09/01/2026
Հայաստան

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը Նիկոլի ռեժիմի, Նիկոլի բանդայի պատանդներն են. Աննա Մկրտչյան

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակում այսօր տեղի է ունենալու «Իմնեմնիմի-2» քրեական գործով առաջին դատական նիստը, որում քննարկվելու է նրանց խափանման միջոցի հարցը։

Դատարանի բակում հավաքված են քաղաքական, հասարակական գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ՝ ի պաշտպանություն Սամսոնյանի ու Սաղաթելյանի։

«Եկեք չխուսափենք ու շատ հստակ ասենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը Նիկոլի ռեժիմի, Նիկոլի բանդայի պատանդներն են, քանի որ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ։ Նրանք որևէ քրեաիրավական արարք չեն արել։ Իրենք անազատության մեջ են քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար»,-դատարանի բակում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը։

Նա ընդգծեց, հեղինակազարկված ԱԱԾ ու այլ իրավապահ կառույցների աշխատակիցներ կոնկրետ հանձնարարականներով մասկաներով ներխուժել են մարդկանց տներ, անչափահաս երեխաներին հոգեբանական բռնության են ենթարկել։

«Նիկոլ Փաշինյանը հենց այդ տեսարաններն է պատվիրել, բռնության, հետապնդումների ենթարկել ոչ միայն Նարեկ սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, այլև հոգեբանական բռնության ենթարկել կանանց, երեխաներին, տարեց հարազատներին, այսինքն անել ամեն ինչ, որ ՀՀ յուրաքանչյուր, տեսնելով Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամաբ ապօրինությունները, ասեն, դե մենք ի՞նչ գործ ունենք»,-ասաց Ա. Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա տղաներն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից՝ իրենց հեղինակային փոդքաստի եթերով ԱԺ նախագահի ծանր վիրավորանքին կոշտ պատասխան տալու համար։ Տղաների արարքը դատախազությունը որակել է խուլիգանություն, մինչդեռ նրանց առաջինը վիրավորանք հասցնողի՝ Ալեն Սիմոնյանի արարքին իրավական գնահատական չի տրվել։

Նշենք, որ 2025թ. նոյեմբերի 12-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները վաղ առավոտյան մուտք են գործել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի բնակարաններ, կատարել քննչական գործողություններ՝ թույլ չտալով դրանց ընթացքում փաստաբանների մուտքը։ Ապա ձեռքերը ոլորած նրանց տարել են, ձերբակալել, կալանավորել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց նկատմամբ հետապնդում սկսվել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Նույն օրը քննչական գործողություններ են իրականացվել antifake.am կայքի խմբագրությունում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան։ Այնուհետև ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը, որը մոտ 60 ժամ անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, ձերբակալվել է նաև կայքի մեկ այլ աշխատակից՝ Իշխան Խոսրովյանը, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել: Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից և տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): 

Իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական շատ գործիչներ համարում են, որ սա ազատ խոսքի դեմ իրականացրած գործողություններ են, որոնց նպատակն է լռեցնելու Սամսոնյանին, Սաղաթելյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder