Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով առաջին նիստը՝ հունվարի 9-ին
Հունվարի 9-ին ժամը 14:00-ին Մասիվի դատարանում (հասցե՝ Գյուլիքևխյան 20) դատավոր Մ.Շահվերդյանի նախագահությամբ տեղի է ունենալու քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ «Իմնեմնիմի-2» քրեական գործով առաջին դատական նիստը, որում քննարկվելու է նրանց խափանման միջոցի հարցը։
Դատական նիստը դռնբաց է։
«Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ տղաներն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից՝ իրենց հեղինակային փոդքաստի եթերով ԱԺ նախագահի ծանր վիրավորանքին կոշտ պատասխան տալու համար։ Տղաների արարքը դատախազությունը որակել է խուլիգանություն, մինչդեռ նրանց առաջինը վիրավորանք հասցնողի արարքին իրավական գնահատական չի տրվել»,-տեղեկացնում են Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Ա.Բաբայանն ու Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռ. Մելիքյանը։
AntiFake.am-ի խմբագրությունը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին ժամը 13:30-ին հրավիրում է դատարանի բակ, որտեղ փաստաբանները և AntiFake.am-ի ներկայացուցիչները հանդես կգան հայտարարություններով, որից հետո՝ դատական նիստերի դահլիճ՝ ներկա լինելու և աջակցելու երկու ամիս խոսքի համար ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։
«Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից՝ իրենց հեղինակային փոդքաստի եթերով ԱԺ նախագահի ծանր վիրավորանքին կոշտ պատասխան տալու համար։ Իսկ Նարեկ Սամսոնյանի պարագայում՝ հետույք բառն օգտագործելու համար: Նրանց արարքը դատախազությունը որակել է խուլիգանություն, մինչդեռ նրանց առաջինը վիրավորանք հասցնողի արարքին իրավական գնահատական չի տրվել»,-նշում են խմբագրությունից։
Նշենք, որ 2025թ. նոյեմբերի 12-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները վաղ առավոտյան մուտք են գործել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի բնակարաններ, կատարել քննչական գործողություններ՝ թույլ չտալով դրանց ընթացքում փաստաբանների մուտքը։ Ապա ձեռքերը ոլորած նրանց տարել են, ձերբակալել, կալանավորել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց նկատմամբ հետապնդում սկսվել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Նույն օրը քննչական գործողություններ են իրականացվել antifake.am կայքի խմբագրությունում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան։ Այնուհետև ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը, որը մոտ 60 ժամ անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, ձերբակալվել է նաև կայքի մեկ այլ աշխատակից՝ Իշխան Խոսրովյանը, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել: Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից և տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):
Իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական շատ գործիչներ համարում են, որ սա ազատ խոսքի դեմ իրականացրած գործողություններ են, որոնց նպատակն է լռեցնելու Սամսոնյանին, Սաղաթելյանին։