Մեկ ու կես տասնյակ քահանաների՝ Փաշինյանի ու տիրադավ որակավորում ստացած եպիսկոպոսների կողմն անցնելու մասին հայտարարություններից հետո Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերում ծառայող հոգևորականներ հանդես են եկել Եկեղեցուն, Վեհափառին հավատարիմ մնալու, եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին դեմ լինելու մասին հայտարարություններով։
Panorama.am-ը ներկայացնում է այդ հայտարարություններից մի քանիսը։
«Ամանորյա իր պատգամի մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հստակ ուղերձներ հղեց ամենքիս՝ և՛ հոգևորական, և՛ աշխարհական իր զավակներին, անխտիր ամենքին՝ անկախ աստիճանից ու հանգամանքից։ Թերևս պետք է վերստին ունկնդրել, վերընթերցել։
Օրինակ՝ «Մենք Աստծո ժողովուրդ ենք, իսկ «Աստված խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության»,- հռչակում է Սուրբ Գիրքը (Ա Կոր. 14։33)։ Մեր կյանքում երկնապարգև խաղաղությունը, օրհնություններն ու շնորհները հաստատուն են մնում միմյանց նկատմամբ սիրո, ներողամտության և համերաշխության դրսևորմամբ։ Հիրավի, խաղաղության և սիրո մեջ է գործում Աստված, և իրական սերն ու ներքին խաղաղությունն են բարիք դառնում թե՛ անհատի և թե՛ ժողովրդի համար», - ասում է նա:
Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին գուցե իսկապես պետք է կանգ առնել և դադարեցնել համատարած այս աղմուկը, վերականգնել ներքին ներդաշնակությունը և լսել Աստծո ձայնը, Ով վստահաբար չի ցանկանում Իր զավակների անիծաբեր կյանքը, պառակտումները, առավել ևս կործանումը։ Թողնենք, որ Աստված ճշմարտապես գործի մեր մեջ, վստահենք Տիրոջը։
Հայրենիքի ու Մայր Եկեղեցու շահերից բնավ չբխող, հարափոփոխ հիմնավորումներով ուղեկցվող այս գործընթացները, որ հանիրավի բզկտում են մարդկանց սրտերն ու հոգիները, վիրավորում հավատքը, քայքայում արժեհամակարգը, որևէ առնչություն չունեն Աստծո, Նրա խոսքի և Քրիստոսի Մարմնի հետ, որ Նրա Սուրբ Եկեղեցին է։Կան երկնային իրողություններ, որոնց հետ այնուամենայնիվ պետք է հաշվի նստել։ Ի վերջո դրանց վրա է հենց հաստատված Եկեղեցին իր բոլոր պատասխանատվություններով ու պարտականություններով։ Իսկ իրավունքի և իրավասության մասին այս լույսի ներքո արժե լրջորեն խորհել»։
«Բոլոր այն «հոգեւորականները» որոնք փողի դիմաց ծախում են իրենց հոգեւոր կոչումը, պարպւում են իրենց մարդկութիւնից եւ հայութիւնից, վաճառում են իրենց խաչը նիւթի դիմաց՝ եւ անհամար հայորդիների թափած արիւնը պաշտօնի, աթոռի եւ երկրաւոր խոստումների դիմաց, եւ միանում են դաւաճանախմբին որոնք ամբողջ ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՒԱՏՔ եւ ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ ծախեցին, թող ինքնուրոյն դուրս գան իմ բարեկամների շարքից, քանզի եղբայր չեն ինձ, եւ դաւաճան են այս Հայրենիքին, այս ազգին եւ նրա բոլոր նպատակներին, ոգիին եւ անցնում են թշնամու շարքերը։
Եթէ վերջին հոգեւորականն անգամ մնամ, մնալու եմ այս ազգի խոստովանած հաւատամքին, նպատակներին, մեր նահատակների թափած անգին արեան, մեր պատմական եւ ներկայ Հայրենի հողին եւ դրա սրբութեան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ դրա անսասանութեան կողքին։
Ահա ժամանակն է իմանալու թէ ովքեր են տաք կամ պաղ ըստ Յայտնութեան սրբատառ տողերին, ովքեր են գաղջ կամ անտարբեր այս ազգի արեան համար, եւ ովքեր են որ մի քանի դոլարով պատրաստ են ծախելու իրենց էութիւնը»։
Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է.
«Կեղծ «բարենորոգություն» անվան տակ Եկեղեցին քանդվում է «փրկելու» անունով
20-րդ դարը ոչ միայն պատերազմների և գաղափարախոսությունների դար էր, այլ նաև մեծ հոգևոր փորձության շրջան։ Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայ ազգի խիղճը, հանկարծ հայտնվեց ոչ միայն արտաքին ճնշումների տակ, այլ՝ առավել վտանգավորը՝ ներքին ապստամբության։ Եվ այդ ապստամբությունը շատ հաճախ կրում էր «բարենորոգման» դիմակ։
Բայց պատմությունը մի բան հստակ ցույց է տալիս․ ամեն վտանգավոր քայքայումները կատարվում են ոչ թե թշնամու ձեռքով, այլ բարեկամի շուրթերով։
Կեղծ բարենորոգիչը երբեք չի գալիս խոնարհությամբ։ Նա գալիս է ամբարտավանությամբ։ Նա չի ասում՝ «ես սխալ եմ», նա ասում է՝ «բոլորը սխալ են, բացի ինձնից»։ Սա արդեն ոչ թե բարենորոգում է, այլ հոգևոր նարցիսիզմ։
Իրական բարենորոգիչը ներսից է սկսում՝ իր մեղքից, իր անկատարությունից, իր խաչից։ Կեղծ բարենորոգիչը սկսում է ուրիշներից՝ մեղադրելով, պիտակավորելով, հրապարակային դատելով։
Տիրադավությունը սկսվում է այն պահից, երբ հոգևորականը այլևս չի վախենում Աստծուց, այլ սկսում է օգտագործել Աստծուն։ Երբ նա աղոթքը դարձնում է հայտարարություն, իսկ Ավետարանը՝ հռետորաբանություն։
Այդպիսի «հոգևորականը» չի քարոզում ապաշխարություն, նա քարոզում է դիրքորոշում։ Նա չի տանում դեպի Փրկություն, նա տանում է դեպի հրապարակ։ Իսկ հրապարակը երբեք չի եղել փրկության վայր։ Հրապարակը միշտ եղել է խաչելության վայր։
Ուստի երբ ոմանք, «բարենորոգման» անվան տակ, հարվածում են Եկեղեցու հեղինակությանը, նրանք կամ չեն հասկանում, թե ինչ են անում, կամ՝ ինչը ավելի սարսափելի է՝ շատ լավ հասկանում են։
Ժամանակակից «կեղծ բարենորոգիչների» սիրելի հնարքներից մեկն է անհնազանդությունը ներկայացնել որպես քաջություն։ Նրանք ապստամբությունը փաթեթավորում են որպես «ազատ մտածողություն», անարգանքը՝ որպես «անկեղծություն», իսկ խախտումը՝ որպես «նոր ժամանակների պահանջ»։
Հիսուս երբեք իր աշակերտների թերությունները հրապարակ չհանեց։
Նա երբեք չդարձրեց ներքին խնդիրներն ամբոխի զվարճանք։
Նա երբեք չսնվեց սկանդալով։
Իսկ այսօր ոմանք իրենց «հոգևոր ծառայությունը» կառուցում են աղմուկի վրա։ Որքան մեծ սկանդալ՝ այնքան մեծ լսարան։ Որքան սուր հարձակում՝ այնքան շատ լայք։
Սա արդեն ոչ թե ծառայություն է, այլ շոու։
Իսկ Եկեղեցին չի ստեղծվել շոուի համար։ Եկեղեցին ստեղծվել է փրկության համար»։
Հոգևորականների հայտարարություններին կարող եք ծանոթանալ ինչպես իրենց ֆեյսբուքյան էջերում, այնպես էլ «Հայ եկեղեցու նորություններ» ֆեյսբուքյան
էջում։