Քաղաքական հետապնդում է, Փաշինյանը սարսափում է նորմալ հայ տղամարդկանցից.Դավիթ Համբարձումյանի պաշտպան
Իրավունք
17:04 12/01/2026
Հայաստան

Քաղաքական հետապնդում է, Փաշինյանը սարսափում է նորմալ հայ տղամարդկանցից.Դավիթ Համբարձումյանի պաշտպան

«Դավիթ Համբարձումյանն առաջինն էր, որ ընտրություններով հաղթեց Նիկոլին, դա նրան չներվեց, հիմա էլ խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն է, դա էլ չի ներվի։ Բա աթոռի վրա աչք ունի, ո՞նց կներկի»,- Վերաքննիչ քրեական դատարանում Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով  դատական նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նշենք, որ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործով դատական նիստը հետաձգվեց՝ նոր հանրային մեղադրողի ներգրավվման և վերջինիս կողմից նյութերին ծանոթ չլինելու պատճառով։ Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստը նշանակվեց հունվարի 19-ին, ժամը՝ 14:00-ին ։

Տ. Աթանեսյանն ասաց, որ նախաքննության փուլում 4 հոգի ցուցմունք է տվել՝ խայտաբղետ, իրականության հետ չբռնող. «Մեկը ցուցմունք է տվել, որ Դավիթի վրա զենք կար, մեքենայից կախված կրակում էր  մարդկանց վրա։ Կռիվ կինո էր նկարագրում։

5 ոստիկան, որ այդտեղ են եղել, ասում են՝ նման բան չի եղել, առհասարակ ոչ մի հակաիրավական բան չի արել»։

Փաստաբանն ընդգծեց, որ այս գործն իրավաբանական առումով զրո է։

«Քաղաքական հետապնդում է, Փաշինյանը սարսափում է նորմալ հայ տղամարդկանցից, դրա հերթական դրսևորումն է»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ նախկին ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով մեղադրվող, Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի շրջանակում վարչապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանին դատավոր Ժորա Չիչոյանը դատապարտել է  6 տարի 3 ամիս ազատազրկման։ Համբարձումյանի փաստաբանները պնդում են, որ դատավորը հենց այս պատժաչափն է ընտրել, որպեսզի Համբարձումյանի նկատմամբ համաներում չկիրառվի։ Նրանք պնդում են, որ Համբարձումյանն անմեղ է, նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Մեղադրական եզրակացության համաձայն. «Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքական հետապնդում է, Փաշինյանը սարսափում է նորմալ հայ տղամարդկանցից.Դավիթ Համբարձումյանի պաշտպան