Դատախազությունը չի բողոքարկել հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած վարորդի գործով վճիռը, թեև ավելի խիստ պատիժ էր միջնորդել. Ասլանյան
Իրավունք
13:59 12/01/2026
Հայաստան

Դատախազությունը չի բողոքարկել հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած վարորդի գործով վճիռը, թեև ավելի խիստ պատիժ էր միջնորդել. Ասլանյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումը՝ 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վարորդներից Արամ Նավասարդյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով, բողոքարկել է և տուժող կողմը, և պաշտպանական կողմը։ Տուժողի իրավահաջորդ Րաֆֆի Ասլանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ բողոքը վերաքննիչ դատարանում է, սակայն դեռևս մակագրված չէ. «Հավանաբար օրերս կմակագրվի դատավորների կազմի»։

Նա նշեց, որ դեռևս դատախազության կողմից դատավճիռը չի բողոքարկել, տեղեկություն չունի, թեև ենթադրում էր, որ դատախազությունը ևս պետք է բողոքի, քանի որ մեղադրողի միջնորդած պատժից դատավորն ավելի ցածր պատիժ է նշանակել։

«Մենք միջնորդել էինք ավելի խիստ պատիժ նշանակել, նաև դատախազությունն էր ավելի խիստ պատիժ միջնորդել, սակայն դատարանն ակնհայտ մեղմ պատիժ է նշանակել»,- ասաց փաստաբանը։

Նա հայտնեց, որ մեղավոր ճանաչված Արամ Նավասարդյանը դեռևս չի տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ. «Դատավորի որոշմամբ, մեղադրյալն ազատության մեջ է թողնվել մինչև դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելը։

Եթե դատավճիռն օրինական ուժի մեջ չմտնի մինչև վաղեմության ժամկետը լրանալը, գտնվի բողոքարկման փուլում, անձը պատիժ չի կրի»։

Այս գործով վաղեմության ժամկետը լրանում է 2027թ. ապրիլին։ Րաֆֆի Ասլանյանը բազմիցս բարձրաձայնել է գործը միտումնավոր ձգձգելու մասին։

«Արդեն 4 տարի է։ Չի կարող սա միտումնավոր չլինել։ Տեսնենք՝ վերաքննիչ դատարանում կձգձգվի, թե ոչ»,- ասաց տուժողի իրավահաջորդը։ 

Հիշեցնենք, որ Սոնա Մնացականյանի գործով դատախազ Արմեն Բեգլարյանն ազատման դիմում է ներկայացրել։ Սակայն Րաֆֆի Ասլանյանը չի կարծում, որ այդ ազատման դիմումը գործ հետ կապ ունենա. «Դժվար թե, գործի հետ ինչ կապ կարող է ունենալ»։ 

Հիշեցնենք, որ դատարանի 2024 թ. օգոստոսի 8-ին կայացրած վճռով Արամ  Նավասարդյանը մեղավոր է ճանաչել 2003 թ. Ընդունված ՔՕ 242-րդ 2 մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները  կամ ճանապարհային երթևեկության  կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, 
որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված արարքներում։

2022 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատախազությունը չի բողոքարկել հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած վարորդի գործով վճիռը, թեև ավելի խիստ պատիժ էր միջնորդել. Ասլանյան