Կառավարությունն այսօր «Ֆլորա-1» ՍՊԸ-ին թուլատրեց առանց մրցույթի կառուցապատել Օղակաձև զբոսայգու տարածքը
Տնտեսություն
11:01 15/01/2026
Հայաստան

Կառավարությունն այսօր «Ֆլորա-1» ՍՊԸ-ին թուլատրեց առանց մրցույթի կառուցապատել Օղակաձև զբոսայգու տարածքը

Գործագիրի այսօրվա նիստում ընդգրկված հարցերից մեկով Երևանի Քաղաքապետարանն առաջարկում է Երևանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածի՝ Մոսկովյան, Աբովյան և Իսահակյան փողոցներին հարակից, մինչև «Կամերային երաժշտության տուն» ընկած տարածքը (Մոսկովյան փողոցի հ.4, Աբովյան փողոցի հ.հ.36/2 և 36/3 և Իսահակյան փողոցի հ.1/3), ընդհանուր՝ 0.170128հա մակերեսով, առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հանձնել «ՖԼՈՐԱ-1» ընկերությանը։

Այդ հատվածը վարձակալության իրավունքով մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվել է «Օրիենթ Սթոն» ՍՊ ընկերությանը:

«Վարձակալության իրավունքով տրամադրված հողամասում առկա են «Օրիենթ Կաֆե» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հասարակական նպատակային նշանակության շինություններ, ինչպես նաև ինքնակամ կառույցներ:

«ՕՐԻԵՆԹ ԿԱՖԵ» և «ՖԼՈՐԱ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միակ մասնակից և տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը դիմել է Երևանի քաղաքապետին, ցանկություն հայտնելով քանդելու սեփականության իրավունքով «ՕՐԻԵՆԹ ԿԱՖԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող շինությունները, տարածքը բարելավելու ու առկա խառը կառուցապատումը ժամանակակից լուծումներով փոխարինելու նպատակով իրականացնել ներդրումային ծրագիր:

Երևանում առկա այգիներն ու պուրակները հիմնականում կառուցվել են խորհրդային տարիներին: Ժամանակի ընթացքում անցնելով փորձությունների միջով՝ դրանք կորցրել են իրենց նախնական տեսքը և շատ դեպքերում վերածվել չորային, ոչ բուսածածկ գոտիների:

Քննարկվող հատվածը ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում և բնակչության համար բարեկեցիկ միջավայր ստեղծելու համար անհրաժեշտություն կա խոշոր ներդրումների:

Ըստ նախատեսված ծրագրի՝ այստեղ կյանքի կկոչվի նոր նախագիծ, որը ենթադրում է զբոսայգու կազմակերպում, կանաչ տարածքի վերականգնում, գոյություն ունեցող շինությունների քանդում և հասարակական նպատակային նշանակության նոր շինության կառուցում: Նախագծի շրջանակում ամբողջությամբ արդիականացվելու և բարեկարգվելու է զբոսայգին՝ ճեմուղիներով, համապատասխան կահավորանքով, բուժվելու և թարմացվելու են գոյություն ունեցող ծառերն ու թփերը, տնկվելու են նորերը, ստեղծվելու է ոռոգման համակարգ, կառուցվելու է արհեստական ջրավազան, ապահովվելու է գոյություն ունեցող հուշարձանների լուսավորումը:

«Ֆլորա-1» ՍՊ ընկերությունը Երևանի քաղաքապետարանին է ներկայացրել Երևանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում գտնվող հողամասի նկատմամբ ներդրումային ծրագիր:

«Օրիենթ Կաֆե» ՍՊ ընկերությունը պարտավորվում է ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Ֆլորա-1» ՍՊ ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում դիմել Երևանի քաղաքապետարան՝ քանդման թույլտվություն ստանալու և վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար:

«Ֆլորա-1» ՍՊ ընկերությունը պարտավորվում է կառուցապատման իրավունքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումից հետո 3 (երեք) ամսվա ընթացքում կառուցապատման և բարեկարգման նպատակով քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու համար հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև համապատասխան կառուցապատման փաստաթղթերով /թույլտվություններով/ սահմանված՝ տվյալ կառուցապատմանը ներկայացվող՝ շինարարարության տևողության նորմատիվային ժամկետներում ավարտել կառուցապատման և բարեկարգման աշխատանքները:

Ներդրումների ընդհանուր չափը կկազմի շուրջ 1.000.000.000 ՀՀ դրամ, որից արդեն իսկ կատարվել է 385.089.917 ՀՀ դրամի չափով ներդրում, այն է՝ ձեռք է բերվել «Օրիենթ Կաֆե» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասը՝ 97.653.000 ՀՀ դրամ արժեքով, և նույն ընկերության կանոնադրական կապիտալում կատարվել է 287.436.917 ՀՀ դրամի չափով ներդրում, որոնք ուղղվել են երրորդ անձանց նկատմամբ ընկերության պարտավորությունների մարմանը, ինչպես նաև հիմնվել է «Ֆլորա-1» ՍՊ ընկերությունը, որը Ծրագրի իրականացման համար կկատարի նվազագույնը 650.000.000 ՀՀ դրամի չափով ներդրում, որից 600 000 000 (վեց հարյուր միլիոն) ՀՀ դրամը ներդրվելու է թվով մեկ հասարակական նպատակային նշանակության շինության կառուցմանը, ներառյալ՝ դրա շահագործման ապահովման համար անհրաժեշտ սարքերի, սարքավորումների և կահավորման գույքի ձեռքբերումը, իսկ  50 000 000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամն ուղղվելու է տարածքի զբոսայգու վերակառուցմանը»:

Կառավարությունը չզեկուցվող հարցերի թվում ընդունեց որոշումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder