ԱՄՆ-ը դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար
Քաղաքական
11:23 15/01/2026
Աշխարհ

ԱՄՆ-ը դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է ներգաղթային վիզաների մշակումը 75 երկրների համար՝ փորձելով խստացնել այն դիմորդների պահանջները, որոնք կարող են հանրային բեռ դառնալ այդ երկրի համար։

Fox News-ը, վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված Պետդեպարտամենտի հուշագիրը, նշում է, որ հյուպատոսական ծառայությունների պաշտոնյաներին հրահանգված է մերժել վիզաների տրամադրումը գործող օրենսդրության համաձայն, մինչ նախարարությունը կվերանայի ստուգման ընթացակարգերը։

Սահմանափակումները կգործեն հունվարի 21-ից, դադարը կշարունակվի անորոշ ժամանակով, մինչև համապատասխան գերատեսչութունը վերանայի ներգաղթային վիզաների մշակման գործընթացը:

Այդ երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Սոմալին, Ռուսաստանը, Բելառուսը, Աֆղանստանը, Բրազիլիան, Իրանը, Իրաքը, Եգիպտոսը, Նիգերիան, Եմենը, Սիրիան, Տանզանիան, Նեպալը,  Ղրղզստանը, Լիբանանը, Հորդանանը, Պակիստանը, Կոնգոյի Հանրապետությունը, Սենեգալը, Թայլանդը, Ուրուգվայը, Ուզբեկստանը և  այլն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց՝ ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում։ 

Ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Պետդեպարտամենտը հանձնառու է ապահովել, որ իր վիզայի գործընթացը համապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության և հասարակական անվտանգության ամենաբարձր չափանիշներին: Այս գործողությունը ձեռնարկվել  է Բրաունի համալսարանում կրակոցների և MIT պրոֆեսորի սպանության հետ կապված մտահոգությունների լույսի ներքո, որը, ենթադրաբար, կատարվել է DV ծրագրի միջոցով Միացյալ Նահանգներ ընդունված անձի կողմից: Այս դադարեցումը թույլ կտա նախարարությանը վերանայել DV ծրագրի ստուգման արձանագրությունները: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ը դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար