Սամվել Կարապետյանը բժշկական օգնության տիրույթում է. Վարդևանյան
Քաղաքական
16:47 16/01/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանը բժշկական օգնության տիրույթում է. Վարդևանյան

Բարերար, գործարար Սամվել Կարապետյանին տեղափոխելո՞ւ են ԱԱԾ մեկուսարան։ Հարցի պատասխանը լրագրողները փորձեցին ճշտել կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանից։

«Դատարանի որոշումը նշվածը չի կարող ենթադրել։ Պատճառաբանեմ, թե ինչու։ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է մեկ կարգավորում, անձի կողմից եթե առկա է ինստենսիվ խափանման միջոց՝ կալանք կամ տնային կալանք, դրա լրանալուց հինգ օր շուտ պետք է դրա երկարացման վերաբերյալ միջնորդություն ներկայացվի։ Սամվել Կարապետյանի դեպքում, ըստ քննչական մարմնի, այն լրացել է հունվարի 13-ին։   Քննիչի կողմից ներկայացվել է միջնորդություն տնային կալանքի երկարաձգման վերաբերյալ, որը և դիտարկվել է դատարանի կողմից, վարույթ է հարուցվել, ժամը 16։00-ին նիստ է նշանակել»,-ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ դատավոր Սուրեն Խաչատրյանի՝ վարույթ հարուցելու որոշումը բեկանելու հետևանքը Ս. Կարապետյանի ՔԿՀ տեղափոխվելն է։

«Արդյոք դատարանը գնահատական տվել է, տնային կալա՞նք, թե՞ կալանք, ասում եմ, որ ոչ։ Կարո՞ղ էր արդյոք այդպես անել, կարող էր։ Այդպես չի արել։  Մնացած հարցերն ուղղեք Սուրեն Խաչատրյանին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ըստ այդ որոշման, եթե անձը չունենար բժշկական օգնության  սպասարկման անհետաձգելի  իրավունքի իրացման հարցեր, այո, ՔԿՀ տեղափոխվելու հարցը կարող էր դիտարկվել։

Ինչ վերաբերում է լուրերին, որ Կարապետյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում, Վարդևանյանը նշեց, ավելի վաղ հայտարարել էին, որ առողջական որոշ խնդիրներ են ի հայտ եկել, դա ենթադրում է, որ անձը պետք է ստանա բժշկական օգնություն։

«Բժշկական գաղտնիքից ելնելով՝ եկեք մանրամասներ չբացահայտեմ։ Բայց այն, որ Սամվել Կարապետյանը բժշկական օգնության տիրույթում է, դա փաստ է։ Դրան ավելացնելու բան չունեմ»,-ասաց Վարդևանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder