«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի օրոք 62 միլիոնից ավելի դրամի ծառայություններ երբեք չեն մատուցվել, սակայն ֆինանսավորվել են
Օրվա մամուլ
09:25 17/01/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի օրոք 62 միլիոնից ավելի դրամի ծառայություններ երբեք չեն մատուցվել, սակայն ֆինանսավորվել են

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը 2025-ի դեկտեմբերի 2-ին գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N4398-Ա հրամանով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» թույլ է տվել ստանալ հավելյալ 71,8 մլն դրամ՝ «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման նպատակով: Թեև թվերը հուշում են մեծածավալ կատարողականի մասին՝ մոտ 4700 դեպքի, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունը բոլորովին այլ պատկեր է ուրվագծում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ վճարման պահին՝ դեկտեմբերի 14-ին, «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում չկար որևէ տվյալ, որը կհաստատեր նման ծավալի ծառայության մատուցումը։ Համակարգում գրառումները հայտնվել են միայն երկու օր անց՝ դեկտեմբերի 16-ին, և դրանք ներկայացված էին մեկ ընդհանուր՝ «3102000» ծածկագրով, առանց հիվանդների, առանց ուղեգրերի, առանց որևէ բժշկական փաստաթղթի։

Այլ կերպ ասած՝ պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի գրանցվել։

Բուժհաստատության ներկայացրած պաշտոնական հայտը ներառում էր միայն երկու ծառայություն՝ Հեպատիտ C ՊՇՌ (որակական), Հեպատիտ C ՊՇՌ (քանակական)։

Այս ծառայությունների ընդհանուր տարեկան կատարողականը կազմել է ընդամենը 15 000 դրամ։ Ի հակադրություն՝ ներկայացվել և փոխհատուցվել է 71,8 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 4700 անգամ գերազանցող գումար։ Մինչդեռ ներկայացված 71,8 մլն դրամի չափով «դեպքերը» չունեն որևէ ապացույց՝

– ոչ անձնավորված տվյալներ,

– ոչ ծառայություն ստացողներ,

– ոչ ուղեգրեր,

– ոչ բժշկական հրամաններ։

Սա նշանակում է, որ 62 միլիոնից ավելի դրամի ծառայություններ երբեք չեն մատուցվել, սակայն ֆինանսավորվել են։

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը հաղորդում էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե ենթադրյալ հանցանքի մասին: Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրին, որ մեր հոդվածը և ուղարկված փաստաթղթերը կցվել են ՔՈՎԻԴ-ի չարաշահումների քրեական գործին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder