Թոշակների բարձրացման համար մոտ 20 հազար անձ է ստորագրել. ըստ Կամենդատյանի՝ կառավարությունը «օգնում» է
Տնտեսություն
11:13 17/01/2026
Հայաստան

Թոշակների բարձրացման համար մոտ 20 հազար անձ է ստորագրել. ըստ Կամենդատյանի՝ կառավարությունը «օգնում» է

Թոշակների բարձրացման նախաձեռնությունը լայն արձագանք է ստացել քաղաքացիների շրջանում, իսկ ստորագրահավաքը շարունակվում է ակտիվ տեմպերով։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։ 

Կամենդատյանի խոսքով՝ նախաձեռնության հաջողության գլխավոր «օգնականը» հենց իշխանությունների վարած քաղաքականությունն է։

«Մենք այս աշխարհում շատ լավ օգնական ունենք։ Այդ օգնականը այս կառավարությունն է։ Ամեն օր մարդիկ ստանում են հերթական ստորացուցիչ ու բորբոքող որոշումները, և եթե մենք նույնիսկ ոչինչ չանենք, շուրջ 660 հազար մարդ դառնում է մեր աջակիցը»,– ասաց նա։

Տնտեսագետը պնդեց, որ երկրում ձևավորվել է բարձր գնաճ, հատկապես՝ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների շուկայում, ինչը, նրա խոսքով, իշխանությունների անգործության հետևանք է։

«Ապրանքների գների նկատմամբ վերահսկողությունը բացակայում է։ Խոշոր առևտրային ցանցերի նկատմամբ չկա իրական վերահսկողություն։ Սա պարզապես գնապիտակ կարդալը չէ, սա ներմուծումից մինչև վաճառք ամբողջ շղթայի վերահսկման հարց է»,– նշեց Կամենդատյանը։

Նրա գնահատմամբ՝ իշխանությունները գնաճը փորձում են «թաքցնել» վիճակագրական տվյալների միջոցով։

«Վիճակագրության օգնությամբ ցույց են տալիս, թե գնաճ չկա, բայց իրականում պարենային ապրանքների առանձին խմբերում վերջին կես տարվա ընթացքում 60–70 տոկոս գնաճ կա։ Սա ֆանտաստիկ գնաճ է»,– ընդգծեց տնտեսագետը։

Կամենդատյանի խոսքով՝ բարձր գները բերում են շրջանառության թվերի աճի, ինչն էլ իշխանություններին թույլ է տալիս հայտարարել հարկային մուտքերի ավելացման մասին։

«Բարձր գները նշանակում են ավելի մեծ շրջանառություն բացարձակ թվերով, ավելի շատ հարկեր, և հետո Ազգային ժողովում ասում են՝ մենք լավ ենք աշխատում, բյուջեն աճում է, մեր բարձր աշխատավարձերն ու պարգևավճարներն արդարացված են»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է թոշակների բարձրացման նախաձեռնությանը, տնտեսագետը նշեց, որ աշխատանքները ակտիվ փուլում են։

«Մոտ  20 հազար ստորագրության մասին կարող եմ վստահ ասել։Երբ շրջաններ եմ գնում, տեսնում եմ՝ մարդիկ ոչ թե պարզապես հետաքրքրված են, այլ պատրաստ են կրկին ստորագրել։ Խնդիրը լսելի դառնալն է»,– ասաց Կամենդատյանը։

Նա համոզված է, որ իշխանությունները մտադիր չեն բարձրացնել թոշակները՝ թոշակառուներին դիտարկելով որպես քաղաքականապես «ոչ վտանգավոր» խումբ։

«Թոշակառուները ոչ կոնսոլիդացվող զանգված են։ Շատերը հիվանդ են, շատերը տանից դուրս չեն գալիս։ Իշխանության համար նրանք ընտրական վտանգ չեն ներկայացնում, և հենց դրա համար էլ թոշակները չեն բարձրացնում»,– պնդեց նա։

Կամենդատյանը խիստ քննադատության է ենթարկում նաև սոցիալական աջակցության գործող մեխանիզմները, մասնավորապես՝ հետվճարի համակարգը։

«Հետվճարի մեխանիզմը պետական ձախողված քաղաքականություն է։ Թափանցիկ տնտեսության պայմաններում պետությունը պարզապես թոշակառուին դիտարկում է որպես բեռ»,– ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ իշխանությունները պատրաստվում են սոցիալական աջակցության նոր խստացումների։

«Հուլիսի 1-ից, ընտրություններից մեկ ամիս անց, փոխվելու է նպաստների գնահատման կարգը։ Եթե ունես նույնիսկ անմշակ հողատարածք կամ հեռախոսով խոսել ես գումարով, որը մոտ է նպաստի չափին, կարող ես զրկվել նպաստից»,– զգուշացրեց Կամենդատյանը։

Նրա խոսքով՝ թոշակների բարձրացման հանրագիրը նախատեսվում է ներկայացնել մայիսի սկզբին։

«Մենք չենք շտապում։ Գիտենք, որ մերժելու են, ինչպես մոռացել են Արցախը, այնպես էլ մոռացել են այս հարյուր հազարավոր սոցիալապես խոցելի մարդկանց»,– եզրափակեց տնտեսագետը։

Հիշեցնենք՝ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումն առաջարկում է կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով։ Այս պահանջով դեկտեմբերի 1-ից մեկնարկել են ստորագրահավաք Հայաստանի ողջ տարածքում; 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder