Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, փորձել սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել՝ միանալու թեմի նախկին առաջնորդին. հայտարարություն
Հասարակություն
14:41 20/01/2026
Հայաստան

Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, փորձել սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել՝ միանալու թեմի նախկին առաջնորդին. հայտարարություն

Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ որոշ անձինք, մասնավորապես համայնքապետարանի աշխատակիցներ, վկայակոչելով դատարանի որոշում, պնդել են, թե իբր քահանաները պարտավոր են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։

Տեղեկացնում ենք, որ հիշյալ հորդորներին, առաջարկներին կամ ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել։ Նրանք հստակ դիրքորոշում են հայտնել, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությամբ, կարգ ու կանոնով, և իրենք կոչված են անշեղորեն պահպանելու Եկեղեցու սահմանված կարգը՝ անկախ արտաքին ազդեցություններից։

Սպառնալից խոսույթով պահանջները հիմնականում արվել են Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին ուղղված։

Ներկայացնում ենք մի վկայություն. «Քիչ առաջ գյուղապետի մոտից եկա, Սրբազանի խոսքը ինձ փոխանցեց, ասում է, որ եթե երկու օրվա ընթացքում չներկայանամ Սրբազանին, ինձ գործից կհեռացնի»։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, փորձել սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել՝ միանալու թեմի նախկին առաջնորդին. հայտարարություն