Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր ունենք իրավիճակ, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաշատ մարդիկ են քաղաքական թեմաներով անազատության մեջ. Սոս Հակոբյան
«Ինչո՞ւ ենք բոլորս սիրում Եվրոպան, քանի որ բացի բարեկեցությունից, ավելի լավ պայմաններից, այն ազատությունների ու իրավունքների, որոնց և՛ փիլիսոփայական միտքը, և՛ օրենսդրության հիմնական կորիզը ձևավորվում է Եվրոպայում, այնուհետև այն փորձում են կիրառել ամբողջ աշխարհում»,-ԵՄ շենքի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։
«Հայրենիք» կուսակցության երիտթևը, ինչպես նաև քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացննում ԵՄ գրասենյակի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել նրանց։ Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն ու Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը կալանավորվել են «կաշառք տալու» վերաբերյալ շինծու գործով։
Նշելով, որ եվրոպական արժեքները փորձում են կիրառել ամբողջ աշխարհում՝ փաստաբանը հիշեցրեց, որ Հայաստանում էլ հայտարարում են այդ արժեքների մասին, բայց չեն կիրառում։
«Եվրապական երկրներն այդ հանձնառությունը գոնե մինչ այս պահը ունեցել են, որով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող իրավունքները պաշտպանում են ինչպես իրենց երկրներում, այնպես էլ փորձում են աջակցել մնացած երկրներում, և նախկինում քննադատում էին իշխանություններին այդ սահմաններն անցնելու համար։ Հիմա այս ակցիայի նպատակն է եվրոպական կառույցներին հիշեցնելու այդ հանձնառությունների մասին։ Այսօր ունենք իրավիճակ, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաշատ մարդիկ են քաղաքական թեմաներով անազատության մեջ, անգամ մարդիկ, ովքեր քաղաքական չեն, օրինակ՝ սրբազանները, բայց նրանք էլ են քաղաքական հետապնդման ենթարկվում»,-ասաց Սուս Հակոբյանը։
Փաստաբանը նշեց, որ որևէ մեկը չի կարող արգելել պետությանն անցկացնել օբյեկտիվ քննություն, և դատարաններին հնարավորություն տալ հետազոտված ապացույցների վրա իրականացնել դատաքննություն, բայց մարդկանց ազատությունից զրկել օդից վերցված, իրական հիմք չունեցող հանգամանքերով, որևէ այլ որակում, քան քաղաքական հետապնդումը և հասարակությանը վնաս հասցնելն է, չկա։
«Այս իշխանությունը նպատակ է հետապնդելով, տարբեր քաղաքական ուժերից տարբեր մարդկանց վերցնելով, անազատության մեջ պահելով, խափանել ժողովրդավարության ընթացքը և այդ քաղաքական ուժերին հնարավորություն չտալ իրենց ընտրողների իրավունենրը իրացնել և՛ առօրյայում, և՛ գալիք քաղաքական ընտրություններոմ և դրանով են պայմանավորված ահագնացող քաղաքական հետապնդումները»,- ասաց Հակոբյանը, և, նշելով որ պայքարելու են քաղբանտարկյալների ազատության համար, հավելեց, որ այդ պայքարում քաղաքական ուժերը տարաձայնություններ չպետք է ունենան։