Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից. հայտարարություն՝ ի պատասխան կառավարության
«Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից»,- գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ՝ արձագանքելով կառավարության՝ մինչ այդ տարածած հայտարարությանը։
«Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում:
Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից:
Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը:
Որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանումը շուտով կներկայացնենք միջազգային փաստաբանական խմբի հայտարարությամբ»,- նշված է Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։
Նշենք, որ կառավարությունից հայտնել էին. «Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի (այսուհետ՝ «Հայցվորներ») կողմից ներկայացված միջնորդությունը։
Միջնորդությամբ, ի թիվս այլնի, Արբիտրաժային տրիբունալից պահանջվում էր արտակարգ արբիտրի (Emergency Arbitrator) կողմից 22.07.2025 թվականի թիվ EA 2025/121 վճռի՝ ՀՀ կողմից չկատարման փաստի հաստատումը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) լիցենզիայի և վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունների վերականգնումը, ինչպես նաև նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցումը։ Բացի այդ, տրիբունալից հայցվել էր նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։
Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ Հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։
Արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է Հայցվոր կողմը։
Այս որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը և համակողմանիությունը՝ ապահովելով, որ հետագա ցանկացած որոշում կկայացվի բոլոր վերաբերելի ապացույցների հիման վրա և Արբիտրաժային տրիբունալի՝ իր իրավազորության և կիրառելի իրավունքի վերաբերյալ գնահատականի համաձայն։
Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճն, ըստ էության, լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից։
Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ արբիտրաժային վարույթին մասնակցել բարձր պրոֆեսիոնալիզմով և գործընթացի նկատմամբ լիակատար հարգանքով՝ միաժամանակ հետևողականորեն պաշտպանելով իր դիրքորոշումները և շահերը, ինչպես նաև շարունակելով կառուցողական համագործակցությունը Հայցվոր կողմի և Արբիտրաժային տրիբունալի հետ»։