Անահիտ Ավանեսյանն անգամ մեկնաբանում է իր հագուստի, աքսեսուարների գները, երբ մարդու կյանքն օր-օրի վատթարանում է, ոչ մի արձագանք. Անուշ Պողոսյան
Քաղաքական
15:42 23/01/2026
Հայաստան

Անահիտ Ավանեսյանն անգամ մեկնաբանում է իր հագուստի, աքսեսուարների գները, երբ մարդու կյանքն օր-օրի վատթարանում է, ոչ մի արձագանք. Անուշ Պողոսյան

«Առողջապահության ապահովագրությունը երկրի բժշկագիտության, սոցիալ-տնտեսական զարգացման, բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ և պարտադիր պահանջ է, դա չի քննարկվում, պարզապես Հայաստանում շատ տարօրինական ընթացակարգով է դա ընդունվել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

Նա նշեց, որ սկզբից ընդունում են օրենքն, այնուհետև գնահատում խնդիրները, որի արդյունքում փաստացի Հայաստանի բնակիչը, որն ապահովագրված է, գնում է և առաջին իսկ փորձի դեպքում հանդիպում խնդիրների։

«Իսկ խնդիրները բազմազան են՝ սկսած օրենսդրական դաշտի անհամապատասխանությունից, վերջացրած նրանով, որ բժշկական հանրույթի մեծ մասը չի տիրապետում, թե ինչպես պետք է վարվի ապահովագրված հիվանդի հետ։ Դրա արդյունքում հիվանդներին ասում են՝ գնացեք, մեկ ամիս հետո եկեք, շատ հիվանդներ, որոնք մեկ անգամ ապահովագրության շրջանակներում որևէ հետազոտություն են անում, համակարգը թույլ չի տալիս նորից անցնել այլ հետազոտություն։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք  բերում են նրան, որ ապահովագրված հիվանդը չի օգտվում իր իրավունքից»,- ասաց Ա. Պողոսյանը։

Նման իրավիճակում, ըստ նրա, առողջապահության նախարարություն ասում է՝  օպերատիվ փորձում ենք լուծել խնդիրները։

«Սակայն կան խնդիրներ, որոնք պետք է գույքագրվեին, գնահատվեին ու նոր անցնեին ապահովագրության, որովհետև փորձել ճշտել և հետո օպերատիվ լուծելու դեպքում կորցնում ենք ժամանակ, իսկ առողջապահության  մեջ ժամանակն ամենակարևոր բանն է»,- ասաց մասնագետը։

Ա. Պողոսյանը նշեց, որ կառավարությունը նախընտրական շրջանում շտապողականություն դրսևորեց՝ նախընտրական ակցիա արեց, ցույց տալու, որ այն քաղաքական թիմն են, որը ներդրեց ապահովագրությունը։

Խոսելով քաղբանտարկյալ, արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին, նա նշեց, որ  միջազգային տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ կարող են հացադուլի դեպքում դիմանալ 20 օր, իսկ եթե ջուր խմում են, մի քանի օր ավելի։

«Իրականում այս փուլում վիսցերալ  օրգանների անդառնալի փոփոխությունների վտանգ կա։ Պետական համակարգը, ի դեմս առողջապահության նախարարության, որովհետև կալանավորների, դատապարտյալների առողջության պատասխանատվությունը բացառապես առողջապահության նախարարության տիրույթում է,  ցույց է տալիս անհասկանալի անտարբեր վերաբերմունք։

Ինձ համար շատ տարօրինակ է, որ առողջապահության նախարարն անգամ մեկնաբանում է իր անձնական հագուստի, աքսեսուարների գները, երբ որ մարդկային կյանքերն օր- օրի վատթարանում են, ոչ մի արձագանք չունենք»,- ասաց Ա. Պողոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անահիտ Ավանեսյանն անգամ մեկնաբանում է իր հագուստի, աքսեսուարների գները, երբ մարդու կյանքն օր-օրի վատթարանում է, ոչ մի արձագանք. Անուշ Պողոսյան