Նպատակ տանող ճանապարհին հուզմունք ու վախ. Մեկնարկեցին միասնական քննությունները
Օրվա թեմա
13:03 24/01/2026
Հայաստան

Նպատակ տանող ճանապարհին հուզմունք ու վախ. Մեկնարկեցին միասնական քննությունները

Այսօր հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությամբ մեկնարկում է բուհերի ընդունելության 2026 թվականի 1-ին՝ ձմեռային փուլը: Քննությունները տեղի են ունենալու առաջիկա 3 շաբաթ-կիրակի օրերին:

Այսօր  հանրապետությունում գործելու է 53 քննական կենտրոնից 37-ը: Դրանցից 27-ը մարզերում են, 10-ը՝ Երևանում: Մայրաքաղաքի քննական կենտրոնները թ.թ. 135, 142, 155, 168, 6, 20, 200 հիմնական և թ.թ. 170, 189, 190 ավագ դպրոցներում են: Հայոց լեզու և հայ գրականություն հայտագրել է 4657 դիմորդ, 3434-ը՝ մարզերում և 1223-ը՝ Երևանում:

ԳԹԿ տնօրենի հրամանով միասնական քննությունների առաջին փուլի համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

«Հայոց լեզու և հայ գրականություն» - հունվարի 24,

«Ֆիզիկա», «Ռուսաց լեզու» - հունվարի 25,

«Օտար լեզուներ» - հունվարի 31,

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն» - փետրվարի 1,

«Մաթեմատիկա» - փետրվարի 7,

«Քիմիա», «Հայոց պատմություն» - փետրվարի 8:

Ավելի վաղ Panorama.am-ին ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնել էր, որ  2026թ. միասնական քննությունների առաջին փուլում ունենք 12538 հայտագրված՝ անցյալ տարվա 11605-ի դիմաց։

Հայտագրված դիմորդների գերակշռող մասը հանձնելու է երկու քննություն. «Առհասարակ հանձնվելու է 23474 քննություն՝ նախորդ տարվա 21218-ի դիմաց»,-հայտնել էր ԳԹԿ ներկայացուցիչը։

Առավել մեծ թվով դիմորդներ հայտագրվել են անգլերեն քննության համար. Այս օտար լեզվից քննություն է հանձնելու 7224 հոգի։ Հաջորդը մաթեմատիկան է՝ 5709 դիմորդ է հայտագրվել այս քննությունը հանձնելու համար։  Հայոց լեզվի քննություն հանձնելու համար  հայտագրվել է 4657 հոգի։ Ֆիզիկա առարկայի քննության համար հայտագրվել է 963 դիմորդ։

Առավել քիչ հայտագրվել են աշխարհագրության՝ 79, գերմաներերնի՝ 55, ֆրանսերենի՝ 39, իսպաներենի՝ 3, իտալերենի քննության համար 1 դիմորդ։

Panorama.am-ը թիվ 6 դպրոցում լուսանկարել է առաջին քննությունը հանձնողներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder