Ապահովագրական համակարգից դժգոհ պացիենտները վաղը նախարարություն չեն բողոքելու, այլ բժշկի վրա. Գևորգ Գրիգորյան
Առողջություն
12:18 25/01/2026
Հայաստան

Ապահովագրական համակարգից դժգոհ պացիենտները վաղը նախարարություն չեն բողոքելու, այլ բժշկի վրա. Գևորգ Գրիգորյան

«Երբ պացիենտները հասկանան, որ այդ ամենն այդպես վարդագույն չէ, ինչպես ներկայացվում է, սկսեն բողոքել, ապա նախարարություն չեն բողոքելու, այլ բժշկի վրա»,-aysor.am կայքի «Հարցեր կան» հաղորդման ժամանակ ասաց բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրման նոր համակարգի խնդիրներին։

Նա նշեց, որ առողջապահական ապահովագրման նոր համակարգով բժշկին պացիենտի հետ թողնում են մենակ և շատ վիրահատությունների փոխհատուցման գումարներն արհեստականորեն իջեցված են։

«Այսինքը՝ հարցն ինչպես ուզում ես կարգավորի։ Բժիշկը մեղավոր չէ, որ այս համակարգն  է ընդունվել։ Բժիշկը մեղավոր չէ, որ այնպիսի գնացուցակ է հաստատվել, որ իրեն հարգող մասնագետն այդ գումարով չի վիրահատի, բուժի»,-ասաց Գրիգորյանը։

Նշելով, որ կա նաև «բժշկի կոչում», «պացիենտին բուժել» հասկացությունները՝ Գրիգորյանը շեշտեց, որ միևնույնն է իրեն հարգող գժիշկն այդ գնով չի բուժի։

«Անձամբ ես ձեր եթերից կարող եմ հայտարարել, որ ես ապահովագրությամբ բուժվող պացիենտներին , եթե համավճար, ընդորում՝ սպիտակ, դրամարկղ մուծվող համավճար չլինի, չեմ պատրաստվում վիրահատել, որովհետև ավելի լավ է ես բժշկությունը թարգեմ, բայց իմ մասնագիտական պատիվը, իմ գիտելիքի արժեքը ճանաչեմ և նման ձևով մտածող բազմաթիվ  բժիշկներ կան»,-ասաց Գևորգ Գրիգորյանը և հավելեց, որ կտեղափոխվի այնպիսի բժշկական կետրոններ, որոնք չեն սպասարկում բժշկական ապահովագրական համակարգը և նման ԲԿ-ներ կան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder