Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չվերթի ուշացումը թանկ է նստել «Fly one Արմենիա»-ի վրա․ դատարանը պարտավորեցրել է փոխհատուցում վճարել
ՀՀ դատարանները մեղավոր են ճանաչել Fly one Արմենիա ավիաընկերությանը մեկ չվերթի ուշացման հետևանքով բաց թողնված հաջորդ չվերթի և ուղևորի կրած վնասի համար։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է Datalex.am հարթակից։
Նշվում է, որ ուղևոր Վահե Փանոսյանը «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության Երևան-Սոչի չվերթի ուշացման պատճառով չի հասցրել Սոչի-Նովոսիբիրսկ հաջորդ չվերթին և ստիպված է եղել գնել նոր ավիատոմս։
«Դատարանը գտնում է, որ հաստատվում է այն փաստը, որ հայցվորը պատասխանող ընկերության կողմից կազմակերպած թռիչքի արդյունքում, ուշացել է իր մյուս թռիչքից, ինչի պատճառով ստիպված է եղել գնել այլ ավիատոմս, որի համար վճարել է 28138 ՌԴ ռուբլի: Այս առումով, դատարանը գտնում է, որ վերը նշվածով ապացուցվում է փաստն այն մասին, որ եղել է Պատասխանողի ոչ օրինաչափ վարքագիծը և Հայցվորի կրած վնասների և Պատասխանողի ոչ օրինաչափ գործողության միջև առկա է եղել պատճառահետևանքային կապ: Դատարանը գտնում է, որ հայցապահանջն այս մասով հիմնավոր է և պետք է պատասխանող ընկերությունից հօգուտ հայցվորի բռնագանձել 28138 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ գումարը»,- նշված է որոշման մեջ:
Դատարանի որոշմամբ ավիաընկերությունը պարտավորեցվել է փոխհատուցել նոր ավիատոմսի արժեքը՝ 209,910 ՀՀ դրամ, պետական տուրքի և փաստաբանի ծախսերի մի մասը։
Գործն անցել է 3 դատական ատյաններով։ Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործը մտել է օրինական ուժի մեջ և վերջնական է։
Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA ընկերությունը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի և մոլդովական «Fly One» ավիաընկերության համատեղ բիզնեսն է։ «Հայաստանում «Fly One»-ի գործընկերները Սուքիասյաններն են, ընկերության 50 %-ը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Էդուարդ Սուքիասյանին։