Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի դեմ բացված դատը շարունակվում է
Քաղաքական
16:19 27/01/2026
Աշխարհ

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի դեմ բացված դատը շարունակվում է

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի դեմ բացված դատը նույն ընթացքով շարունակվում է։  Այս մասին հայտնում են Կիլիկիո կաթողիկոսությունից։

Այժմ գործը վճռաբեկ ատյանում է, իսկ հաջորդ քայլը պետք է լինի Սահմանադրական դատարան, այնուհետև ՄԻԵԴ։

«Այս ուղղութեամբ կարեւոր հանգրուաններուն տեղեակ պահեցինք մեր ժողովուրդի զաւակները, յիշեալ դատը նկատելով մեր ժողովուրդին եւ մեր եկեղեցւոյ դատը, ինչպէս նաեւ առաջին եւ յանդուգն քայլ մը՝ ազգային պահանջատիրութեան իրաւական մարզէն ներս:

Արդարեւ, թրքական դատարաններու նախադատ ատեաններէն ետք, ուր յետ քննութեան մերժուած ըլլալով դատը, այժմ ան կը գտնուի վճռաբեկ ատեանին մօտ: Յաջորդ քայլը պիտի ըլլայ սահմանադրական դատարան, որմէ ետք պիտի ուղղուինք դէպի Եւրոպայի Մարդկային Իրաւանց դատարան:

Այս ծիրէն ներս, մի քանի օրեր առաջ, Կաթողիկոսարանին մէջ, Վեհափառ Հայրապետին նախագահութեամբ հանդիպում մը տեղի ունեցաւ Սիսի դատին իրաւական յանձնախումբի անդամներէն նախարարուհի դոկտ. Նորա Պայրագտարեանի, փրոֆ. Թենի Սիմոնեանի եւ փաստաբան Ճէմ Սօֆուօղլուի մասնակցութեամբ, եւ քննուելէ ետք դատի իրաւական գործընթացքի նախկին հանգրուանները, ընդհանուր գիծերով ճշդուեցան յառաջիկայ քայլերը: Այս մասին նոր զարգացումներու լոյսին տակ բնականաբար տեղեակ պիտի պահենք մեր ժողովուրդի զաւակները»,- հայտնում են կաթողիկոսարանից:

Նշենք, որ 2015 թ. ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը հայց է ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Որոշվել է, որ հայցի մերժվելու դեպքում Կիլիկիո կաթողիկոսարանը նույն խնդրով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսում, թուրքական կառավարությունը առգրավել էր Հայոց ցեղասպանությունից հետո: 1921 թվականին Օսմանյան կառավարությունը երկու օր ժամանակ է տվել Սահակ Բ. Խաբայան Կաթողիկոսին` Կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար: Սահակ կաթողիկոսը, վերցնելով կրոնական և մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնել է գաղթի ճամփան: Վեհափառը հաջորդաբար հաստատվել է Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին` Անթիլիասում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի դեմ բացված դատը շարունակվում է