Մոլդովայի նախագահ. Մենք կանգնած են Հայաստանի ու նրա ժողովրդի կողքին
Քաղաքական
17:07 27/01/2026
Աշխարհ

Մոլդովայի նախագահ. Մենք կանգնած են Հայաստանի ու նրա ժողովրդի կողքին

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ունեցած իր ելույթում կարճ անդրադարձ է կատարել Հայաստանին։ Մոլդովայի նախագահի պաշտոնական էջում հրապարակված ելույթից տեղեկանում ենք, որ նա նախ պատմել է, թե ինչպես է իր երկիրը կարողացել հաղթահարել Ռուսաստանի «մասնագիտական, լավ ֆինանսավորված, երկարաժամկետ գործողությունները», ապա նշել է, որ Մոլդովան միակ երկիրը չէ, որը բախվում է այս մարտահրավերներին։

«Մենք նմանատիպ ճնշումներ տեսնում ենք ամբողջ Եվրոպայում։ Ես հպարտությամբ եմ ասում, որ Մոլդովան դիմադրեց  երկամյա այս հարձակմանը՝ ողջ հասարակության ջանքերի միջոցով։ Մեր քաղաքացիները ապացուցեցին իրենց նվիրվածությունը խաղաղությանը, Եվրոպային և ժողովրդավարությանը»,-նշել է Մոլդովայի նախագահն ու ցավ հայտնել Վրաստանի համար, որին «Ռուսաստանը վերադարձրել է իր ուղեծիր»։

Սանդուն ասել  է, որ այժմ Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որի նպատակն է «ինքնիշխանության թուլացումը, ժողովրդավարական ընտրությունների վրա ազդելը և ներքին խոցելիությունների շահագործումը»։

«Մենք կանգնած ենք Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, քանի որ նրանք աշխատում են դիմադրել այս ճնշումներին և պաշտպանել իրենց ժողովրդավարական ապագան»,-ասել է նա ու ընդգծել հիբրիդային պատերազմի վարման եղանակներից հատկապես տեղեկատվական մանիպուլյացիայի վտանգավորությունը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել էր. «Հայաստանում ընտրություններ են սպասվում, և ի՞նչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Նրանք այնպիսի օգնություն են խնդրել չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար, ինչպես մենք տրամադրեցինք Մոլդովային»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոլդովայի նախագահ. Մենք կանգնած են Հայաստանի ու նրա ժողովրդի կողքին