Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, սեփական ուխտն ուրացած, Հայ առաքելական եկեղեցուց իրենք իրենց դուրս դրած և գործնականում Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերի սպասարկմանն անցած եպիսկոպոսներից Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Գևորգ (Արման) Սարոյանը Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ դեռ հունվարի 10-ին ազատվել էր թեմակալ առաջնորդի հոգևոր պաշտոնից:
Փաշինյանը և որոշ քպական կարկառուններ շտապեցին հայտարարել, թե իրենց համար Գևորգ (Արման) Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտն թեմի առաջնորդ: Նման հայտարարություններն ինքնին ցնդաբանություն կարելի է համարել:
Հպանցիկ նկատենք միայն, որ հիշյալ նախկին հոգևորականը թե՛ ձեռնադրվել է Ամենայն հայոց նույն կաթողիկոսի կողմից, թե՛ Մասյացոտն թեմում ծառայության է նշանակվել էլի նույն Վեհափառի տնօրինությամբ: Էլի՝ հույզերը դնենք մի կողմ. նա, ով նրան նշանակել է, նույն հոգևոր ինստիտուտն էլ նրան ազատել է այդ պաշտոնից: Ու դա իր բացառիկ և սուվերեն իրավունքն է:
Բայց շարունակությունն ավելի հոգեցունց է: Գևորգ (Արման) Սարոյանը շարունակել է ընդդիմանալ Կաթողիկոսի տնօրինությանը, բացահայտ հերձվածության է անցել (եկեղեցական, կրոնական տեսանկյունից), միացել է Մասյացոտն թեմի առաջնորդական տեղապահ նշանակված հոգևորականի օրինական գործունեությունն ապօրինաբար խոչընդոտողներին: Ավելին, ամենայն հավանականությամբ՝ իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հորդորով Գևորգ (Արման) Սարոյանը... դատի է տվել Վեհափառին՝ վիճարկելով նրա տնօրինությունը՝ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Դա ինքնին ոչ միայն իրավական աբսուրդ է, այլև աբսուրդից այն կողմ է: Հայ առաքելական եկեղեցու ներքին խնդիրները, հոգևոր ծառայության հարցերը դատական վիճարկման առարկա չեն: Ու, ինչպես նշեցինք, նույնն են ասում բանիմաց իրավաբանները, իրավագետները: Բայց կատարվում է մյուս հակաօրինական, հակաիրավական, ողջամտությունն ու բանականությունը արմատապես ժխտող իրադարձությունը՝ դատարանը վարույթ է ընդունում քպական նախկին եպիսկոպոսի հայցը: Ի դեպ, ժողովրդական հումորն անկասելի է. փաշինյանական դարձած եպիսկոպոսներին ժողովուրդը ոչ միայն կնքել է «տիրադավ» բնորոշմամբ, այլև ավելի սրամիտ սահմանում է տվել՝ «ՔՊիսկոպոս»:
Այդ ամենի հանրագումարում արդեն հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Գևորգ Սարոյանը կարգալույծ է հռչակվում, այն է՝ դադարում է հոգևորական, առնվազն՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորական լինել: Նրան վերադարձվում է ավազանի անունը՝ Արման Սարոյան:
Սակայն նախօրեին փաշինյանական իշխանությունը կատարում է ևս մեկ պատերազմական գործողություն Հայ առաքելական եկեղեցու դեմ: Դատական ակտերի կատարման ծառայությունը, չունենալով դրա ո՛չ իրավական, ո՛չ դատական, ո՛չ բարոյական իրավունքն ու իրավասությունը, փորձում է Կաթողիկոսին պարտադրել, որ, «որպես հայցի ապահովման միջոց», Հայ առաքելական եկեղեցուն դավաճանած, ավելին՝ կարգալույծ արված քաղաքացիական անձին թեմակալ առաջնորդի պաշտոնին վերադարձնել:
Այսինքն, այն նույն ժամանակ, երբ Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացահայտորեն ու առանաց աչք թարթելու ստում է եվրոպաներում, թե՝ հոգևորականների դեմ ճնշումներ չկան, ԴԱՀԿ-ը նենգաբար հարձակվում է Հայ առաքելական եկեղեցու վրա: Դե, գումարած՝ Քննչականը:
Սա, բնականաբար, դուրս է թե՛ մարդկային, թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ ազգային բոլոր նորմերի սահմաններից: Սա աղաղակող անիրավություն է, ինքնիրավչություն, ու բացահայտ բարոյազրկության դրսևորում:
Շարունակությունը երևի այն կլինի, որ թվաբանությունից թույլ մարդիկ դատարան դիմեն, որպեսզի 5 անգամ 5-ը լինի 10, այլ ոչ թե 25, իսկ որպես «հայցի ապահովման միջոց» արգելվեն բոլոր դասագրքերը, հաշվիչները, որոնք 5x5-ը հաշվում են 25:
Սարկազմը՝ սարկազմ, բայց պարզից էլ պարզ է, որ այս ամբողջ սկոմորոխային «ներկայացումը» (ԴԱՀԿ-ով, ՔԿ-ով, դատախազությունով, բանով) Փաշինյանի իշխանությունը ձեռնարկել է այն նպատակով, որ Գերագույն հոգևոր խորհրդի ու Կաթողիկոսի դեմ ինչ-որ «քրեական գործ» լինի, թեկուզ՝ ամենատխմար, ամենից ապուշ հիմնավորմամբ, ինքնին՝ հարուցողների համար ոչ միայն դժոխքի ուղեգիր, այլև հետագայում «բանտի ուղեգիր» ապահովող, բայց լինի: Իսկ արդեն այդ «գործը» օգտագործվի՝ Ավստրիայում փետրվարին նշանակված Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը տապալելու, Վեհափառին կալանավորելու, հնարավոր է նաև՝ կալանավայրում խոշտանգելու նպատակով: Փաշինյանական իշխանություններից սպասելի է ցանկացած բան: Սակայն այս ամենի մեջ կա մի կարևոր... «բայց»։
Դա այն է, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա՝ եկեղեցատյաց, արարատուրաց, Հայ առաքելական եկեղեցին ոչնչացնել ցանկացող խումբը այդքան չկան, որ որոշեն, թե ով է Կաթողիկոս, կամ Կաթողիկոսի տնօրինություններն ընդունում են, չեն ընդունում: Ո՞վ են իրենք մեր բազմադարյա Եկեղեցու և այն առաջնորդող Վեհափառի դեմ: Չարենցը կասեր՝ չնչին, որպես Արարատին նետված մի քար...
Ի դեպ, որպես հավելում, երևի ավելորդ չէ նաև Փաշինյանի քմահաճույքները կատարող մասնակի դատավորներին, քննիչներին, իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչներին հիշեցնել, որ ամեն ինչի սահման պետք է լինի, նույնիսկ ծառայամտությանը. կան արժեքներ, կան կարմիր գծեր, որոնք երբեք չի կարելի հատել: Ի վերջո, որևէ իշխանություն աշխարհում հավերժ չէ, Հայաստանում՝ առավել ևս: Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող...»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։