Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ամունդի-Ակբա»-ի մասնակիցների թիվն աճել է 40.000-ով. Ինչի՞ց է կախված կենսաթոշակային եկամուտը
«Ամունդի-Ակբա» ընկերության գլխավոր ներդրումային տնօրեն Հրայր Ասլանյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների դինամիկան և պարզաբանել, թե ինչ գործոններից է կախված քաղաքացիների անհատական եկամուտների մակարդակը։
Ըստ ներկայացված տվյալների՝ տարվա ընթացքում ընկերության երեք ֆոնդերի մասնակիցների թիվն աճել է 40,000-ով՝ 518,000-ից հասնելով 558,000-ի։ Խոսելով ֆոնդերից միջոցների արտահոսքի մասին՝ Ասլանյանը նշեց, որ դրանք հիմնականում պայմանավորված են առողջական վիճակով կամ ժառանգության իրավունքով փայերի մարմամբ։
«2025 թվականին որոշակի աճ ենք նկատում հատկապես առողջության հիմքով ստացվող միջոցների մասով, սակայն դրանք շարունակում են մնալ շատ մարժինալ և որևէ կերպ մեծ ազդեցություն չունեն ֆոնդի ընդհանուր իրացվելիության վրա։ Խոսքը բավականին փոքր թվերի՝ շուրջ 0.1%-ի մասին է»,- ընդգծեց նա։
Հրայր Ասլանյանը պարզաբանեց, որ նույնիսկ միևնույն ֆոնդում գտնվող անձանց եկամուտները կարող են էականորեն տարբերվել մի քանի գործոններով պայմանավորված՝ սկսած աշխատավարձի չափից մինչև հատկացումների կատարման պահը։
«Հատկացումների տարբերությունը կարող է առաջանալ, եթե անձինք համակարգին միացել են տարբեր ժամանակահատվածներում կամ ունեն աշխատավարձի տարբեր մակարդակներ։ Կարևոր է նաև, թե գործատուն երբ է կատարում կուտակային հատկացումը։ Գիտեք, որ ամիսն ավարտվելուց հետո գործատուն ունի 20-օրյա ժամանակահատված»,- նշեց բանախոսը։
Նրա խոսքով՝ կախված նրանից, թե այդ 20 օրվա մեջ կոնկրետ որ օրն է գումարը փոխանցվում և այդ պահին ֆինանսական շուկաներն ինչպիսի վարքագիծ ունեն, ձևավորվում է մասնակցի եկամուտը։
«Երկարաժամկետ կտրվածքով սա կարող է էական տարբերություն առաջացնել մասնակիցների եկամուտների միջև»,- հավելեց Հրայր Ասլանյանը։