Վաղը Մոսկվայում կհանդիպեն Սերգեյ Լավրովն ու Ալեն Սիմոնյանը
Քաղաքական
15:59 04/02/2026
Աշխարհ

Վաղը Մոսկվայում կհանդիպեն Սերգեյ Լավրովն ու Ալեն Սիմոնյանը

Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 5-ին կկայանա Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում պաշտոնական այցով կլինի փետրվարի 4-7-ը։ Պատվիրակության կազմում են նաև ՔՊ-ական պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վաղարշակ Հակոբյանը։

 «Փետրվարի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կհանդիպի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում մեր երկրի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հրավերով»,-հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ բանակցությունները կկենտրոնանան երկկողմ համագործակցության արդիական հարցերի և տարածաշրջանային հարցերի վրա։

«Հատուկ ուշադրություն կդարձվի Մոսկվայի և Երևանի փոխգործակցությանը եվրասիական ընդհանուր կառույցներում և այս ոլորտում երկխոսությանը»,-հավելել է Զախարովան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder