Դոմինգո Հինդոյանը կիսվել է Լոս Անջելեսի օպերայի երաժշտական տնօրենի պաշտոնում իր առաջիկա ծրագրով
Մշակույթ
11:41 04/02/2026
Աշխարհ

Դոմինգո Հինդոյանը կիսվել է Լոս Անջելեսի օպերայի երաժշտական տնօրենի պաշտոնում իր առաջիկա ծրագրով

Վենեսուելահայ դիրիժոր  Դոմինգո Հինդոյանը դեռևս նախորդ տարվա կեսերին նշանակվել էր Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն։ Նա կիսվել է Լոս Անջելեսի օպերայի երաժշտական ​​տնօրենի պաշտոնում իր առաջին եթերաշրջանի՝ 2026/27 ծրագրով։

«Ես ոգևորված և հպարտ եմ կիսվել Լոս Անջելեսի օպերայի երաժշտական ​​տնօրենի պաշտոնում իմ առաջին եթերաշրջանի ծրագրով. «Կարմեն», «Կանդիդ», «Նաբուկո», «Տուրանդոտ», «Ֆիգարոյի ամուսնությունը» և մի քանի հետաքրքիր համերգներ։ Սա հակադրություններով լի եթերաշրջան է, որը արտացոլում է այս արտասովոր թատրոնի լայնախոհությունն ու կենսունակությունը:

Ես անհամբեր սպասում եմ Լոս Անջելես վերադառնալուն՝ իմ սրտին մոտ երկու ստեղծագործությունների՝ «Կարմեն» և «Նաբուկո» ներկայացման համար»,- գրել է նա։

Հինդոյանի 5-ամյա աշխատանքային պայմանագիր է կնքել  Լոս Անջելեսի օպերային թատրոնի հետ։ 

Դոմինգոն ծնվել է  1980 թվականին Վենեսուելայի Կարակաս քաղաքում։ Նրա հայրը հայտնի ջութակահար և  Վենեսուելայի Օրկեստրա Սիմֆոնիկայի նախկին նախագահ Դոմինգո Գարսիան է։ Մայրը՝ Վենեսուելայի Ազգային խորհրդարանի իրավաբան, հայուհի Վիկի Հինդոյանը։ Դոմինգո Հինդոյանը հարցազրույցներում հաճախ է պատմում իր հայկական ծագման մասին՝ նշելով, որ մայրը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում՝ հայկական ընտանիքում:

Դոմինգոն ստացել է և ջութակահարի, և նվագախմբային ղեկավարի մասնագիտացում, ուսանել է Ժնևում, ստացել է վարպետության դասընթացներ տարբեր հայտնի երաժիշտների մոտ։ Դոմինգո Հինդոյանը աշխատել է Բեռլինի Deutsche Staatsoper նվագախմբում, 2018-ին դարձել Մետրոպոլիտեն Օպերայի նվագախմբի ղեկավարը։ 2019-ին հրավիրվել է Մեծ Բրիտանիա՝ ղեկավարելու Լիվերպուլի թագավորական նվագախումբը, զուգահեռաբար նաև Լեհաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder