Ես դեռ ՔՊ անդամ եմ, շատ բան ունեմ հանրությանը ներկայացնելու. Դիանա Գասպարյան
Քաղաքական
15:04 05/02/2026
Հայաստան

Ես դեռ ՔՊ անդամ եմ, շատ բան ունեմ հանրությանը ներկայացնելու. Դիանա Գասպարյան

«Այո, ես դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ»,- նախքան դատական նիստը՝ լրագրողներին ասաց Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ ունի նախկին լավ հարաբերությունները, նա նշեց, որ այլևս հարցերի չի ցանկանում պատասխանել. «Մնացածին կանդրադառնամ այն ժամանակ, երբ հարմար կգտնեմ»։

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք գործը հարուցվել է իր և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունից հետո, նախկին քաղաքապետը պատասխանեց. «Ես դավադրապաշտական տեսությունների կողմնակից չեմ: Առնվազն նման ենթադրություններ անելու համար որևէ հիմք կամ պատճառ չունեմ»:

Ինչ վերաբերում է մեղադրանքին, Դ. Գասպարյանն ասաց. «Մեղադրանքի մասին հանգամանալից շատ բան կա ասելու, մի քանի բառով չեմ կարող պատասխանել։ Խոստացվածս ասուլիսը կլինի, պարզապես մի քանի դատական նիստի ընթացքում որոշ բաներ պետք է պարզվի, նոր ասուլիսը կհրավիրվի։ Ես նույնպես շատ բան ունեմ հանրությանը ներկայացնելու»:

Դ. Գասպարյանի գործով հինգ ամբաստանյալ կա, նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Դիաննա Գասպարյանի ամուսնու և ամուսնու հոր նկատմամբ կիրառվել է նաև գրավ։ Դատական նիստի օր դեռ նշանակված չէ։ Հիշեցնենք, որ Դիաննա Գասպարյանը քրեական գործն ու դրա շուրջ զարգացումները որակել է կրկես՝ խոստանալով տոներից հետո խոսել, հանգամանալից անդրադառնալ դրան։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն.

Դիանա Մնացականի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի հոկտեմբերի 21-ից զբաղեցնելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, համայնքային ծառայության քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, իր հետ փոխկապակցված անձանց Շահեն Շահինյանի և Աշոտ Միրզոյանի օժանդակությամբ իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական (համայնքային) և ծառայողական շահերի, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել պետության (համայնքի) օրինական շահերին, որի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև իր հետ փոխկապակցված անձ (ամուսնու հայրը) Աշոտ Արամայիսի Միրզոյանի, իր ամուսնու՝ Արամայիսի Աշոտի Միրզոյանի, իր հետ փոխկապակցված անձ Շահեն Շահինյանի և Սամվել Բադալյանի հետ նախնական համաձայնությամբ, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով իրականացրել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Արամայիս Աշոտի Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը, զբաղեցրած անձ Դիանա Գասպարյանի հետ փոխկապակցված անձ (ամուսինը), հոր՝ Աշոտ Արամայիս Միրզոյանի, կնոջ՝ Դիանա Գասպարյանի, իր հետ փոխկապակցված անձանց Շահեն Շահինյանի և Սամվել Բադալյանի հետ նախնական համաձայնությամբ իրականացրել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Աշոտ Արամայիսի Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցրած անձ Դիանա Գասպարյանի հետ փոխկապակցված անձ, Շահեն Շահինյանի հետ նախնական համաձայնությամբ միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակել է Դիանա Գասպարյանին՝ իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորվորված ազդեցությունն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելուն, այնպիսի արարք կատարելուն, որը դուրս է նրա լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և որի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև իր հետ փողկապակցված անձանց՝ Դիանա Գասպարյանի, Շահեն Շահինյանի, Արամայիս Միրզոյանի, և Սամվել Բադալյանի հետ նախնական համաձայնությամբ իրականացրել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Շահեն Էդիկի Շահինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը, զբաղեցրած անձ Դիանա Գասպարյանի հետ փոխկապակցված անձ, Աշոտ Միրզոյանի հետ նախնական համաձայնությամբ միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակել է Դիանա Գասպարյանին՝ իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորվորված ազդեցությունն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելուն, այնպիսի արարք կատարելուն, որը դուրս է նրա լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և որի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև իր հետ փողկապակցված անձանց՝ Դիանա Գասպարյանի, Աշոտ Միրզոյանի, Արամայիս Միրզոյանի, և Սամվել Բադալյանի հետ նախնական համաձայնությամբ իրականացրել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Սամվել Զորիկի Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձ Դիանա Գասպարյանի, նրա ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի, ամուսնու հոր՝ Աշոտ Միրզոյանի և իրենց հետ փոխկապակցված անձ Շահեն Շահինյանի հետ նախնական համաձայնությամբ իրականացրել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder