Արցախի ղեկավարների դատավարությունը Բաքվում. Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման
Քաղաքական
13:40 05/02/2026
Հայաստան

Արցախի ղեկավարների դատավարությունը Բաքվում. Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման

Բաքվի ռազմական դատարանը  շարունակում է հրապարակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով վճիռները։

Նշենք, որ կեղծ մեղադրանքներ են առաջադրվել  Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանի, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար (2015-2018) գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են  20 տարվա ազատազրկման: 

Դավիթ Իշխանյանն ու Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Արդեն հայտնել էինք, որ Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը և Արայիկ Հարությունյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Հիշեցրեց, որ նախկին բոլոր ղեկավարներին Ադրբեջանի դատախազությունը պահանջել էր ցմահ ազատազրկում, բացառությամբ երկու նախագահների՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սակայանի։ Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն ասել էր, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական օրենսդրությամբ 65 տարին լրացած ամբաստանյաները համարվում են տարեցներ, արգելվում է  ցմահ ազատազրկում պատժատեսակի կիրառումը նրանց նկատմամբ։ Դատախազներն իրենց խոսքում էլ նշել էին՝ պահանջում են խիստ պատժատեսակ նրանց նկատմամբ և քանի որ  ցմահ ազատազրկումն անհնար է, ապա դրան փոխարինող խիստ պատժատեսակը 20 տարի ազատազրկումն է։

Ադրբեջանը նրանց մեղադրում է՝ «Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստում և վարում, ցեղասպանություն, պատերազմի օրենքների և սովորույթների խախտումներ, ինչպես նաև ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, իշխանության բռնի զավթում, իշխանության բռնի պահպանում և բազմաթիվ այլ հանցագործություններ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder