Իրանում ձերբակալությունների հերթը հասավ բարեփոխականներին
Քաղաքական
11:56 09/02/2026
Տարածաշրջան

Իրանում ձերբակալությունների հերթը հասավ բարեփոխականներին

Իրանում ձերբակալել են «Բարեփոխումների ճակատ»-ի առաջնորդ Ազար Մանսուրիին և «ճակատի» ևս երեք անդամի: Թելագրամի «Իրանն այսօր» ալիքի փոխանցմամբ, նրանք մեղադրվում են երկրի ներքին մթնոլորտը սրելու, ազգային համախմբվածությունը թիրախավորելու, սահմանադրության դեմ դիրքորոշում արտահայտելու, թշնամական քարոզչության հետ համակարգված գործելու, պարտվողականություն քարոզելու, հեղաշրջման ընդհատակյա մեխանիզմներ ստեղծելու մեջ: 

«Բարեփոխումների ճակատը», որն իր մեջ բարեփոխական տարբեր կուսակցություններ ու շարժումներ է ներառում, 2024թ. նախագահական ընտրություններում աջակցել է Փեզեշքիանին: 

2025-ի հունիսյան պատերազմից հետո նրանք պարբերաբար հայտարարություններով են հանդես եկել՝ Փեզեշքիանին առաջարկելով խորքային բարեփոխումներ իրականացնել (նաև հանդիպել են Փեզեշքիանի հետ): Նրանց առաջարկած փոփոխություններից էին քաղբանտարկյալների ազատ արձակումը, որոշումների կայացման մեխանիզմների, քաղաքական մրցակցությունը սահմանափակող ինստիտուտների բարեփոխումը, ԶՈւ տնտեսական, քաղաքական գործունեության սահմանափակումը, ուրանի հարստացման կամավոր դադարեցում/հետաձգումը, ԱՄՆ հետ համապարփակ բանակցությունների անցկացումը և այլն: 

Շրջանառվել են լուրեր, որ հունվարյան ցույցերի ընթացքում «Բարեփոխումների ճակատը» նաև հայտարարություն է պատրաստել, որտեղ պահանջել են Ալի Խամենեիի հրաժարականը, սակայն այդ հայտարարությունը չի հրապարկվել: Փոխարենը ճակատի առաջնորդը հայտարարել էր, որ, ցույցերը ճնշելու փոխարեն, պետք է լսել մարդկանց պահանջները, իսկ խոսնակն էլ ընդգծել էր, որ ներկա պայմանները ոչ միայն շատ հեռու են  ժողովրդի պահանջներից ու ցանկություններից, այլև որևէ աղերս չունեն այն պատկերացման հետ, որ բարեփոխականներն ի սկզբանե ունեին Իսլամական Հանրապետության մասին:

Նման պահանջների ու կարծիքների համար նրանք պահպանողականների կողմից լայն քննադատության են արժանացել՝ որակվելով որպես «ԱՄՆ-ի և Իսրայելի գործակալներ», ու հիմա, փաստացի, հենց նման մեղադրանքով էլ ձերբակավել են:

Այս տեմպերով չի բացառվում, որ թիրախում կարող է լինել նաև նախկին նախագահ Հասան Ռոհանին (որն այս օրերին «մեծ բարեփոխման» և հանրաքվե անցկացնելու կոչ է արել) և  նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆը. նրանց ձերբակալված տեսնելու ցանկություն ունեցողները քիչ չեն: 

Այս իրավիճակը գալիս է փաստելու, որ իր դեմ ուղղված ճնշումներին համակարգն արձագանքում է ավելի մեծ ճնշմամբ, վերահսկողության ուժեղացմամբ ու այլակարծության բացառմամբ: Իսլամական Հանրապետությունը գնում է առավել կարծրացման ու պարփակման ճանապարհով՝ հօդս ցնդեցնելով խորքային բարեփոխումների հեռանկարն ու ավելի շատ ապավինելով ուժային կառույցներին: Համենայն դեպս, սա այս պահի դրությամբ եղած իրականությունն է, և առայժմ դժվար է պատկերացնել, որ հետագայում այն կփոխվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder