Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարավկորեկան ընկերությունն իր օգտատերերին խրախուսելու համար սխալմամբ 42 միլիարդ դոլարի «բիթքոյն» է փոխանցել
Հարավկորեական Bithumb կրիպտոարժույթների փոխանակման ընկերությունը սխալմամբ իր օգտատերերին է տրամադրել 620,000 «բիթքոյն» (արժեքը ընթացիկ փոխարժեքով ավելի քան 42 միլիարդ դոլար): Այդ մասին հաղորդում է Yonhap News Agency-ն։
Բորսայի տվյալներով՝ ուրբաթ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Bithumb-ը սխալմամբ 620,000 բիթքոյն է փոխանցել ակցիայի 249 մասնակիցների։ Միջին հաշվով, յուրաքանչյուր օգտատեր ստացել է մոտավորապես 2,490 «բիթքոյն», որը համարժեք է մոտավորապես 244 միլիարդ «վոնի» (166 միլիոն դոլար)։
Սխալը հայտնաբերելուց հետո ընկերությունը ժամանակավորապես կասեցրեց գործարքներն ու կանխիկացումները երջանիկ օգտատերերի համար։ Ընկերությունը հայտարարեց, որ անմիջապես վերադարձրել է 618,212 բիթքոյն և նաև վերադարձրել է օգտատերերի կողմից արդեն վաճառված 1,788 բիթքոյնների 93 %ը։ Հետևաբար, 125 բիթքոյն չի վերադարձվել։
Ընկերությունը բացատրել է, որ միջադեպը տեղի է ունեցել մարդկային գործոնի պատճառով։
«Դեպքը տեղի է ունեցել այն պատճառով, որ Bithumb-ի աշխատակիցը, ակցիայի մասնակիցներին պարգևատրելիս, սխալմամբ վճարման միավորը նշել է որպես «բիթքոյն»՝ կորեական «վոնի» փոխարեն»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է գործակալությունը։
Միջոցների սխալ մուտքագրումը Bithumb հարթակում հանգեցրել է Bitcoin-ի գնի կարճատև անկման, քանի որ որոշ օգտատերեր սկսել են վաճառել իրենց ստացած կրիպտոարժույթը։
Միևնույն ժամանակ, Հարավային Կորեայի ֆինանսական կարգավորող մարմինը՝ Ֆինանսական վերահսկողության ծառայությունը (FSS), ուղարկել է աշխատակիցների՝ միջադեպը հետաքննելու համար։ Կարգավորող մարմինը կուսումնասիրի օգտատերերի պաշտպանության միջոցառումները և սխալմամբ փոխանցված միջոցների լրիվ վերադարձման հնարավորությունը։
Հետագայում Bithumb-ը հայտարարել է, որ 695 օգտատեր է սխալմամբ ստացել կրիպտոարժույթը:
Bithumb-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ սխալմամբ փոխանցված միջոցների 99.7%-ը վերադարձվել է, և որ «անհապաղ միջոցներ» են ձեռնարկվում մնացած գումարը վերականգնելու համար: