ՊՆ-ն զինծառայողների ցրտահարություն դեպքերի մասին տեղեկությունը գաղտնի է պահում
Հասարակություն
16:35 10/02/2026
Հայաստան

ՊՆ-ն զինծառայողների ցրտահարություն դեպքերի մասին տեղեկությունը գաղտնի է պահում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է տրամադրել տեղեկություն, թե ձմռան ամիսներին՝ 2025 թ. դեկտեմբեր և 2026 թ. հունվար, քանի զինվործառայող է ցրտահարվել։ 

Panorama.am-ը գրավոր հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ձմռան երկու ամիսներին Զինված ուժերում ցրտահարության քանի դեպք է գրանցվել, հիմնականում ո՞ր մարզերում, ո՞ր աստիճանի է եղել ցրտահարությունը, արդյո՞ք կան հոսպիտալ տեղափոխված զինծառայողներ։ 

ՊՆ-ից պատասխանել են, որ մերժում են մեր հարցադրումների վերաբերյալ տեղակատվության տրամադրումը, քանի որ պետական գաղտնիք են հանդիսանում զինծառայողների կամ զինակոչիկների ֆիզիկական զարգացման, առողջական վիճակի կամ հիվանդության վերաբերյալ ամփոփ տեղեկությունները։ 

Հիշեցնենք՝ օրեր առաջ  էր ահազանգ հնչել, որ Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ ՊՆ դիրքերից մեկում զինծառայողը ցրտահարվել է, այժմ գտնվում է Վարդենիսի հոսպիտալում։ Զինծառայողի մայրը՝ տիկին Արաքսյան, Panorama.am-ի հետ զրույցում նշել էր, որ որդին մեկ ամիս դիրքերում է եղել, անընդհատ ձյուն են մաքրել, հունվարի 21-ին արդեն զգացել է, որ ցրտահարվել է, հունվարի 23-ին դիմել է բուժկետ, իսկ արդեն հաջորդ օրը տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ։

«Վերջույթների շրջանում փուչիկներ կային, մի քիչ կապտած էր։ Ոտքերն ու ձեռքերը թմրած են, ականջներին վերքեր կան»,- ասել էր տիկին Արաքսյան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder