Դատարանը չքննարկեց Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Իրավունք
16:39 12/02/2026

Դատարանը չքննարկեց Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

«18 արդարների» գործով դատական նիստին  պաշտպանները միջնորդեցին փոխել գործով մեղադրյալներից, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը։ Պաշտպանների միջնորդությանը միացավ նաև գործով մեղադրյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

Հանրային մեղադրողը  նշեց, որ ներկայացված փաստաթղթերում և հիմնավորումներում չի  տեսել այնպիսի նոր հանգամանք, որն էականորեն կփոփոխեր խափանման միջոցի իրավաչափության պայմանները, հիմք կհանդիսանան խափանման միջոցը կրկին քննության առնելու համար։  

Դատավոր Կարեն Ֆարխոսյանն ասաց, որ քրեական  վարույթը գտնվում է  նախնական դատալսումների փուլում. «Դեռ 2025 թվականի նոյեմբերի 27-ին  դատարանն իր որոշմամբ քերական վարույթում մեղադրյալի խափանման միջոցը վերացնելու, փոփոխելու կամ ժամկետը երկարաձգելու վերաբեյալ իր դիրքորոշումը հստակ հայտնել էր՝ նշելով, որ  խափանման միջոց կալանք պետք է երկարաձգվի, այլընտրանքային խափանման միջոցները  կամ դրանց համակցությունը ի զորու չեն  ապահովել մեղադրալի օրինական պատշաճ վարքագիծը։

Այդ ժամանակ նույն հանգամանքներն են նշվել՝ ընտանիք կազմ, երեխաների տարիք, նրանցից մեկի ուսանող լինելու հանգամանք, նշվել էր մեղադրյալն ունի ֆինանսական  խնդիրներ։ Բոլորն արձանագրված են եղել բացառությամբ մի հանգամանքի՝ բանկի հետ ունեցած պայմանագիր։ Դատարանը գտնում է, որ սա դատարանի կողմից չի կարող դիտվել նոր հանգամանք։ Այս պայմաններում միջնորդությունն ընդհանրապես քննարկման ենթակա չէ այսօր»։

Չախալյանի պաշտպանն ասաց, որ ընտանիքը գտնվում է  ծանր վիճակում. «Փաստ է, որ ընտանիքն այդ վիճակում է  հայտնվել։ Այլ փաստեր, սրանից այն կողմ, չենք կարող ներկայացնել։ Կամ պետք է երեխաները հայտնվեն փողոցում, նոր ասենք՝ պարոն Չախալյանին թույլ տվեք գա, տեսնեի, ի՞նչ է անելու։ Մարդասիրական մոտեցում ցուցաբերեք»։ 

Վահագան Չախալյանը նշեց. «Հարցը ես չեմ, պետք է 4 ամիս էլ կնստեմ, 14 ամիս էլ կնստեմ, այլ իմ երեխեքին անտուն թողնել-չթողելու հարցն է»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder