Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը կարող է վերականգնել երկաթուղային կապը Վրաստանի հետ. Օվերչուկ
Ռուսաստանը ուսումնասիրում է Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում «Կովկասում բոլոր խափանված երթուղիները ապաշրջափակելու ուղղությամբ»։
«Դիտարկվում է նաև Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետը։
Օվերչուկը նաև նշել է, որ այս երթուղու վերականգնումը կօգնի լուծել «Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ կապի ամրապնդման» «հիմնական խնդիրը»։
«Սա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման համար»,-ընդգծել է նա։
Փոխվարչապետը հավելել է, որ ռուսական կողմը ակնկալում է, որ տարածաշրջանի բոլոր երկրները կառուցողականորեն կհամագործակցեն այս «կարևոր ընդհանուր խնդիրը» լուծելու համար։